News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


 Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ , որտեղ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ պետք է հանդիպեր Իլհամ Ալիեւի հետ: Օդանավակայանում Սերժ Սարգսյանը խոսել է ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահի հետ երկրորդ հանդիպումից իր ակնկալիքների մասին: 

 Երկու նախագահները նախ առանձնազրույցներ են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ադբեջանը չի խոչընդոտի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ մասնավորապես սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:

Իր հերթին Ալիեւը հայտարարել է՝  Ղարաբաղում ստատուս քվոն անընդունելի է, ստատուս քվոն պետք է հաղթահարել, բայց դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը։

Ավելի ուշ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահները վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, նաեւ համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:

Ձերբակալվել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Ազատամարտիկին կասկածում ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի՝ այս ձերբակալությունը կապված է այս տարվա մայիսի 20-ի դեպքի հետ, երբ Ծիծեռնակաբերդի խճուղում վթարի ենթարկված ավտոմեքենայից ոստիկանները հայտնաբերել են ԱԿԱ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, բերման ենթարկել վարորդին եւ ուղեւորին: Ովքեր են այդ մարդիկ, Քննչական կոմիտեն չի հաղորդում: Միայն տեղեկացնում է, որ Սեֆիլյանը, ըստ նախաքննության տվյալների, ծրագրել է մի խումբ անձանց զինված գործողություններ, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը: Ավելին՝ ըստ քննչականի, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին: Նշենք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել «Սարդարապատ», «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ գրասենյակներում , ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի տանը:

Ժիրայր Սեֆիլյանի տան եւ նկուղի խուզարկության արդյունքում զենք չեն գտել`  լրագրողներին ասել է ազատամարտիկի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:  Կինը վստահ է՝ հետպատերազմյան շրջանում իշխանությունների սուր քննադատությամբ հանդես եկող ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:  Նշենք, որ քրեական գործով ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորվածների անունները դեռ չեն հրապարակվում:

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին  է մահացել: 32-ամյա Լուսինե Խշտոյանն իր երրորդ զավակին լույս աշխարհ է բերել հունիսի 3-ի երեկոյան, բժիշկները նրան վստահեցրել են, որ թեեւ երեխան պտղաջրեր է կուլ տվել, սակայն նրա մոտ ամեն ինչ նորմալ է: Հաջորդ օրն արդեն տեղեկացրել են, որ երեխայի վիճակը վատացել է եւ նա մահացել է: Ծնողները համոզված են, որ կատարվածը մանկաբույժի անփութության հետեւանք է, եւ արդեն ոստիկանություն են դիմել:

Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանելու գործով 4-րդ անձն է կալանավորվել: Հատուկ քննչական ծառայությունն առայժմ հրապարակում է միայն կալանավորվածի անունը՝ ոմն Յուրի: Հիշեցնենք, որ 58-ամյա տղամարդուն ծեծելով սպանել են մոր աչքի առջեւ: Նախաքննությունը շարունակվում է:

Ազգային անվտանգության ծառայությունը բողոք չունի ակտիվիստ Արտակ Գեւորգյանից, որը ստվարաթղթե տանկով հարվածել էր ԱԱԾ շենքին, ինչի պատճառով հայտնվել էր դատարանում:  ԱԱԾ-ն գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ միջադեպը իրենց կառույցի աշխատանքը չի խաթարել, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառել: Ենթադրվում է, որ այս գրությունը կազդի Արտակ Գեւորգյանի դատավճռի վրա, որը կարող է հրապարակվել արդեն մի քանի օրից:Արտակ Գեւորգյանի դեմ ներկայացված մեղադրանքի անհեթեթությունն ընդգծելու համար ակտիվիստ Միքայել Նազարյանը այսօր դատարան է գնացել իր պատրաստած ռուսական ՌՊԳ-5 տեսակի ստվարաթղթե զենքը ձեռքին, դրանով շրջել Երեւանի փողոցներում, ապա այն դրել զենքը հանդիսավոր կերպով դրվեց Կառավարության շենքի մոտ։

Քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Արման Լազգիյանն արդեն տասն օր է՝ դադարեցրել է բուժումը Գերմանիայում, քանի որ ընտանիքը չի կարողանում վճարել վերականգնողական հետագա բուժման համար անհրաժեշտ 160 հազար եվրո գումարը: Լրագրողների հետ զրույցում Արմանի հայրն ասել է, որ իր հույսը անհատ բարեգործներն են, իսկ կառավարությունը չի օգնում: Ավելին՝ Միքայել Լազգիյանի մոտ տպավորություն է, որ իրենց խոչընդոտում են, օրինակ, առեւտրի կենտրոններում թույլ չեն տալիս դրամահավաք անցկացնել:

 Կարելիայի Սյամօզերո լճում երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության հետեւանքով վերջին տվյալով 13 երեխա է զոհվել, 33 երեխա էլ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել: Եվս մեկ երեխայի մարմինն էլ դեռ չեն գտել: Մանկական վրանային ճամբարում հանգստացող 47 երեխաներ 4 հրահանգիչների ուղեկցությամբ երկու նավակներով ջրային արշավի էին ուղեւորվել, երբ ուժեղ փոթորիկ է սկսվել: Նավակները կողաշրջվել են, երեխաները փորձել են լողալով փրկվել, բայց ջուրը սառն է եղել, ոչ բոլորին է հաջողվել ափ հասնել: Զոհված երեխաները հիմնականում Մոսկվայից էին, 12- 13 տարեկան: Հարուցված քրեական գործով արդեն հինգ ձերբակալված կա՝ չորս ինստրուկտորները եւ Առողջարանային ճամբարի տնօրենը:Նրանց մեղադրում են անվտանգության կանոնները խախտելու եւ հանցավոր անգործության մեջ:

2016 թվականի ամառը ամենաշոգը կլինի մարդկության պատմության մեջ՝ կանխատեսել են ամերիկացի գիտնականները:   Որպես ջերմաստիճանի բարձրացման գլխավոր պատճառ նրանք նշում են մարդու տեխնածին գործունեության հետեւանքով առաջացած ջերմոցային էֆեկտը:

Դոլարը մի փոքր արժեզրկվել է , իսկ ռուբլին, եվրոն ու ֆունտը՝ արժևորվել: Եվ այսպես՝ դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.44, եվրոյինը՝ 540, ֆունտինը՝ 698 դրամ:

Հունիսի 21-ին օդի ջերմաստիճանը գրեթե նույնը կլինի, ինչ այսօր:  Առաջիկա գիշերը Երևանում սպասվում է 15-17, իսկ վաղը ցերեկը՝ 28-30 աստիճան տաքություն: Հնարավոր է կարճատև անձրև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ