News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները, որոնք այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը հունիսի 20-ին, ավելի վաղ հարուցված մի քրգործի շրջանակներում ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերքներ ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու կասկածանքով ձերբակալել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից մեկը հանդիսացող Ժիրայր Սեֆիլյանին:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործչի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները, որոնք այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:

Անընդունելի ենք համարում շինծու մեղադրանքով քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց մեկուսացնելու, ահաբեկելու կամ բարոյապես ընկճելու՝ օրվա իշխանությունների անփոփոխ գործելակերպը: «Ժառանգության» գնահատմամբ՝ սա քաղաքական հալածանք է, որի պատվիրատուները փաստորեն փորձում են իրենց երերացող աթոռների տեղն ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ազզգային անվտանգությունը թուլացնելու գնով:

Պայքարը շարունակվում է»:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:

«2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, վարորդն ու ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի նպատակով նա մի խումբ անձանց զենք եւ ռազմամթերք է ձեռք բերել, պահել ու փոխադրել»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ