News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Եվրո 2016»-ի 11-րդ օրն ինձ համար բոլոր եղածներից ստացվեց ամենից հետաքրքիրը: Նախ ես հայտնվեցի մանկության գրկում, հետո սիրահարվեցի, հետո եւս մեկ անգամ հասկացա, որ շատ երջանիկ մարդ եմ, բայց այս ամենի մասին հերթով: Հունիսի 20-ի առավոտյան ես լքեցի գեղեցիկ Նիսը եւ ուղեւորվեցի Թուլուզ: Գնացքս արագընթաց չէր, եւ ես Թուլուզ հասա միայն 7 ժամ անց:

Մեկ ամիս առաջ Եվրոպայից թռչում էի ԱՄՆ. ճանապարհը տեւեց 8 ժամ, այժմ Ֆրանսիայի մի քաղաքից մյուսը՝ 7 ժամ: Ճանապարհին դիտում էի խաղողի այգիները, որոնք անթիվ են Ֆրանսիայի հարավում: Ինձ թվաց, երբ հասնեմ Թուլուզ, հոգնածությունից կմահանամ: Սկսեցի զղջալ, որ մեկ ամիս առաջ, երբ պետք էր խաղը ընտրել, ես ընտրեցի նաեւ «Ռուսաստան- Ուելս»-ը: Կարծում էի, թե հասնեմ Թուլուզ, այնքան հոգնած եմ լինելու, որ անգամ խաղը չեմ դիտի:

Թուլուզն անվանում են վարդագույն քաղաք: Երեւանը տուֆի քաղաք է, Թուլուզը՝ վարդագույն աղյուսի, իսկ տեսնել Թուլուզը ես ցանկանում էի դեռ մանկուց: Ինչպես իմ շատ հասակակիցներ, ես էլ մեծացել եմ ֆրանսիական դասական գրականությամբ տարված: Եվ ամենասիրելի գիրքը պատանեկան տարիքում՝ Անի եւ Սերժ Գալոնների Անժելիկան էր: Այդ ստեղծագործության հիման վրա նկարահանված «Անժելիկա. հրեշտակների մարկիզուհի» ֆիլմ էլ իմ սիրելին ֆիլմերից էր: Վեպի հերոսը՝ Ժոֆրեյ դե Պեիրակը՝ Թուլուզի ամենահարուստ մարդ էր: Նա հենց այստեղ էր պատրաստում իր ոսկին՝ գաղտնի եղանակներով: Հենց այստեղ՝ Թուլուզում են տրուբադուրները երգում իրենց սիրելիների պատուհանների տակ, հենց այստեղ՝ հարավում էին մարդիկ սիրուն տալիս բացառապես առաջնային տեղն իրենց կյանքում: Ուրեմն Թուլուզն իրոք հրաշքների քաղաք է:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Կայարանից դուրս գալիս իմ աչքին գեղեցիկ շենքերը պալատներ էին երեւում, արաբական արտաքինով մարդիկ՝ կոմսեր, մեքենաներն էլ՝ կառքեր: Մնում էր Ժոֆրեյին էլ տեսնեի ու վերջ... Եվ բնական է, որ այսպիսի հիանալի մթնոլորտից հետո, մոռացվեց հոգնածությունը եւ սկսվեց ֆուտբոլը: Հուրախություն ինձ՝ Թուլուզի մարզադաշտը քաղաքից դուրս չէր, ինչպես Նիսինը, Լիոնինը եւ անգամ Սեն Դենին: Այստեղ չկար Փարիզի խստությունը, անգամ երբ ոստիկանները ստուգում էին պայուսակները: Խաղից առաջ մարզադաշտի շուրջ ես միայն ռուսների էր տեսնում եւ ինչ-որ ուրախ զգացողություն, քանի որ լսում էի հարազատ երգեր ու վանկարկումներ:

Ռուս երկրպագուների անունն այստեղ թնդում է: Նրանց հետ եղած սկանդալներից հետո, ոստիկաններն ավելի զգույշ են, քանի որ արդեն ռուսները հասցրել են անուն հանել այստեղ: Ռուս երկրպագուների հիմնական երգը «День победы»-ն էր: Իսկ ես ներքուստ զգում էի, որ ոչ մի հաղթանակ էլ չի լինելու: Պարզապես դա կլինի նրանց կարապի երգը: Ռուս երկրպագուներն իմանալով որ ես հայ եմ, սկսեցին հայերեն երգել А за тобою Арарат երգը:

Ռուսների կողքով քայլում էին Ուելսի երկրպագուները, որոնք վանկարկում էին Fu*k you, England: Ես, իհարկե, գիտեմ Մեծ Բրիտանիայի ազգերի պատմությունը, բայց այնուամենայնիվ հարցրի նրանց, թե արդյոք այդ աստիճան չեն սիրում Անգլիան, թե ռուսների հետ եղած կռիվներից հետո են այդպես վանկարկում: Նրանցից մեկն ինձ հարցրեց՝ իսկ դու որտեղից ես: Երբ լսեց Հայաստան անունը, արձագանքեց՝ դե մեզ համար Անգլիան նույն է, ինչ ձեզ համար Ադրբեջանը, այո մենք թշնամի ենք: Հետո ուրախ ու համերաշխ երգելով նրանք շարունակեցին երթը դեպի մարզադաշտ:

Այստեղ ահա սկսվեց նոր սիրո պատմություն: Ես առաջին անգամ այս «Եվրոյին» գտա այն երկրպագուներին, ում հանդեպ մեծ սիրով լցվեցի: Քանի որ չկան իմ հոլանդացիները, ես բոլորի մեջ փնտրում էի երկրպագուների այն մոդելը, որը կլինի եւ ուրախ, եւ համերաշխ, եւ խելացի եւ ամենից կարեւորը՝ անսպառ նվիրված: Ես բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի երկրպագություն էր տիրում մարզադաշտի ներսում: Մարզադաշտի ուղիղ կեսը՝ կարմիր հրեշները, մեկ մարդու պես երգում էին իրենց երգերը, առանց մեկ րոպե անգամ լռելու: Այդ երգերի հնչյունների ներքո դու հայտնվում էի Ուելսի պատմության էջերում: Այդ երգերի ներքո ես ստացա ինձ ամենից շատ հուզող հարցի պատասխանը: Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու է հենց Բրիտանիայում ֆուտբոլն այդքան մասսայական: Անգամ վեցերորդ լիգայի թիմերի խաղերը անցնում են լիքը մարզադաշտերում: Ուելսի հավաքականի մասին մինչ այդ շատ չէինք լսել, կամ հետեւել նրանց առաջնությանը: Ուելսից երկու թիմ խաղում են Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ Քարդիֆն ու Սուոնսին, որոնց խաղերի ժամանակ մարզադաշտերում ասեղ գցելու տեղ չկա: Ու թեեւ հենց Ուելսի առաջնությունը համարվում է շատ թույլ առաջնություն, բայց միեւնույն է, ֆուտբոլը այստեղ մասսայական է: Ես սրտանց ուրախացա վալլիացիների համար:

Թող չնեղանան ռուսները, բայց եթե անգամ նրանք լցնեին մարզադաշտի 80 տոկոսը, միեւնույն է, չէին կարող իրենց թիմին երկրպագել այնպես, ինչպես ուելսցիները: Միայն թիմի անունը վանկարկելը բավական չէ: Այս «Եվրոյին» տեսել եմ գրեթե բոլոր երկրպագուներին, ուելսիները գերեցին իմ սիրտը: Եթե ինձ հարցնեն, ում եմ սատարում այս «Եվրոյին», արդեն կարող եմ ասել Ուելսին:

Խաղի առումով, իհարկե, տխուր էր դիտել ռուսների դրությունը: Երկու խաղակես նրանց տանջեցին եւ բաց թողեցին տուն՝ լուծելու սեփական ֆուտբոլի խնդիրները, իսկ «Եվրոն» թողնելու ուժեղագույններին ու արժանիներին: Ինձ հիացրեց նաեւ Ուելսի ֆուտբոլիստների նվիվածությունն իրենց թիմին: Ջո Ալենը, ասես այն հայտնի մարաթոնյան վազքի հիմնադիրը լիներ, ով անդադար վազեց, որպեսզի քաղաքին հայտնի հաղթանակի լուրը եւ մահացավ: Ալենը մեկ րոպե այդ խաղում չկանգնեց եւ, փառք Աստծո, չմահացավ: Հիացրեց Բեյլի խաղը: Եթե Պորտուգալիայում Ռոնալդուն չի կարողանում թիմն իր հետեւից տանել, Բեյլին դա հաջողվում է Ուելսում: Գուցե եւ ժամանակն է հենց «Ռեալում» որոշ բաներ փոխել, ջարդել կարծրատիպեր:

Այս խաղը երեւի թե Ահարոն Ռեմսիի կյանքի լավագույներից էր: Ինչպես իր facebook-ի էջում գրեց ընկերներիցս մեկը՝ Ռեմսին կյանքում առաջին անգամ իրեն Անդրես Ինյեստա էր զգում: Խաղն ավատվեց, ռուսները ինչպես միշտ հիասթափեցրին երկրպագուներին: Սկզբից ավագի թեւկապը ոչ ոք ռիսկ չէր անում հագնել Ռոման Շիրոկովի հեռանալուց հետո, այնուհետեւ խաղի ավարտին կրկին չէին ցանկանում մոտենալ իրենց երկրպագուներին: Ես անկեղծ չտեսա, բայց կարդացի, որ միայն դարպասապահ Իգոր Ակիֆեեւն է մոտեցել երկրպագուների տրիբունային, մյուսներին ստիպում էին: Իսկ ահա վալլիացիները չէին կարողանում հանգստանալ, անդադար միմյանց ծափահարում էին՝ ֆուտբոլիստները, երկրպագուներին ու հակառակը: Սա իհարկե մեծ տոն է նրանց համար՝ դուրս գալ խմբից առաջին տեղով, առաջ անցնելով հենց Անգլլիայից:

Խաղից հետո խառը գոտում եւս ռուս ֆուտբոլիստներն արագ հեռացան: Միայն ավագը՝ Ռոման Շիրոկովը, համբերատար պատասխանեց լրագրողների հարցերին, ինչպես նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն: Իսկ Ուելսի ֆուտբոլիստներն ուրախ երգելով, ժպտալով մոտենում էին լրագրողներին եւ երկար զրուցում: Անգամ Գարեթ Բեյլը, ում ուղեկցում էին հատուկ մարդիկ, որպեսզի չանհանգստացնեն ֆուտբոլիստին, մոտեցավ լրագրողներին եւ պատասխանեց բոլոր հարցերին: Միայն մեկ հարցի չուզեց պատասխանել՝ այս հաղթանա՞կն է ավելի արժեքավոր, թե՞ «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելը: «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես հիմա երջանիկ եմ, շատ երջանիկ»,-ասաց նա:

Ի դեպ, ես Բեյլին միշտ համարել եմ ամենից տգեղ ֆուտբոլիստներից մեկը: Մոտիկից նա բավականին հաճելի տեսք ուներ: Կամ չգիտեմ, գուցե ես եմ արդեն Ուելսի հանդեպ շատ ջերմ տրամադրված:

Խառը գոտում իսպանական հեռուստաընկերության լրագրողներին հարցրի, թե այս խաղն ինչով է հետաքրքիր ձեզ համար, որ եկել եք: «Իրականում ոչնչով, պարզապես այստեղ կա Բեյլ: Իսկ նա Մադրիդում գիտեք ով է»,- ասացին նրանք: Ահա այսպես փոքրիկ Ուելսը, որն անգամ երազել չէր կարող այսպիսի հրաշքի մասին, պատմություն կերտեց:

Այս «Եվրոն» հրաշքների «Եվրո» է: Առաջին հրաշքն արդեն իսկ այս երկրների մասնակցությունն է «Եվրոյին»՝ Իսլանդիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիա, Ալբանիա: Երկրորդը նրանց խմբից դուրս գալն է: Մնում է, որ մինչեւ վերջ մենք ականատեսը լինենք անակնկալների: Մարզադաշտում նստած մի պահ ինձ բռնացրի մի մտքի վրա, որ ես շատ երջանիկ մարդ եմ: Այդ պահին անգամ ցանկացա բղավել այդ մասին: 18 տարի առաջ, երբ ես դիտում էի Ֆրանսիայում անցկացվող Աշխարհի առաջնությունը, երազել էլ չէի կարող, որ մի օր կլինեմ ֆուտբոլային այս մեծ տոնի մի մասնիկը: Եվ այդ պահին կարեւոր չէ, որ Հայաստանից միակ լրագրող ես, կամ 300 հոգանոց լրագրողների խմբից այդ խաղին միակ աղջիկ լրագրող ես: Կապ ունի միայն այն, որ երազանքները հատկություն ունեն իրականանալու: Հիմա ես դա հաստատ գիտեմ: Ժոֆրեյ դե Պեիրակը Թուլոզում ոսկի էր ստեղծում, իսկ ես իմ երջանկությունը...

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան Թուլուզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ