News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան եռօրյա այցի ընթացքում իջեւանելու է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ Հին Վեհարանի շենքում: NEWS.am-ի հետ զրույցում Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Էջմիածնի միջոցառումներից:

«Ընդհանրապես Հռոմի սրբազան քահանայապետերը բնակվում են հյուրանոցներում կամ այլ վայրերում, բայց 2001թ. սկսած, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ այցելեց Հովհաննես Պողոս երկրորդը, նա նույնպես իջեւանեց Վեհարանում: Ֆրանցիսկոս պապի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությունն է եղել այդ ավանդույթը շարունակել»,- ասաց Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Պապի եռօրյա այցի առաջին կանգառը հենց Էջմիածինն է լինելու: Մայր Տաճարում նրան կդիմավորեն ուխտավորներ, հոգեւորականներ, տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն:

«Տրդատա կամարի մոտից հոգեւորականների հանդիսավոր թափորը բազաթիվ ուխտավորներով դիմավորելու է երկու հովվապետերին: Նրանք «Հրաշափառ Աստված» շարականի երգեցողության ներքո ուղղվելու են դեպի մայր տաճար: Մոտենալու են իջման սուրբ սեղանին, համբուրելու են սուրբ խաչն ու սուրբ ավետարանը: Ապա Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը երկու կողմերից բարձրանալու են ավագ սուրբ խորան, ողջագուրվելու են, ողջույնի խոսքեր են ասելու»,- ասաց Տ. Զաքարիան:

Էջմիածնից Հռոմի պապը ուղեւորվելու է Երեւան, հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Գյումրիում եւ Երեւանում սուրբ պատարագ ու խաղաղության աղոթք մատուցելուց հետո Հռոմի պապն իր այցի երրորդ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ սուրբ պատարագ է մատուցելու նաեւ Էջմիածնում:

«Պատարագը մատուցվելու է Սուրբ Տրդատի բաց խորանում: Հոգեւորականաց հանդիսավոր թափորը «Երեմյան խցերի» մոտից հոգեւորականների ուղեկցությամբ եւ շարականների երգեցողության ներքո ուղեւորվելու է դեպի բաց խորան, որտեղ աղոթակցությամբ Հռոմի սրբազան քահանայապետի պատարագ կմատուցվի», -ասաց եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրենը:

Պաշտոնական մասից բացի Հռոմի պապը նաեւ առանձնազրույց կունենա Վեհափառի հետ: Նախատեսվում է, որ երկու եկեղեցիների առաջնորդները միմյանց նվերներ կմատուցեն:

« Եկեղեցին Հռոմի պապին սուրբ հաղորդության սկիհ է նվիրելու, որով սուրբ պատարագ ենք մատուցում: Բավական գեղեցիկ սկիհ է, որի մի կողմում պատկերված է Վատիկանը, մյուս կողմում՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, երկու հիմնադիր առաքյալները՝ սուրբ Թադեոսը եւ սուրբ Պետրոսը: Այս նվերները սիրո եւ եղբայրության նմուշ են երկու եկեղեցիների միջեւ»,-ասաց Տ. Զաքարիան:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ