Հյուսիսային Իռլանդիայի խոշորագույն ազգայնական   «Շինն Ֆեյն» կուսակցությունը հայտնել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անջատումը հիմք կդառնա Իռլանդիայի հետ վերամիավորման հանրաքվե անցկացնելու համար, հայտնում է   Reuters-ը:

«Այդ արդյունքը կտրուկ փոխում է քաղաքական լանդշաֆտն այստեղ` Իռլանդիայի հյուսիսում, եւ մենք ակտիվացնում ենք սահմանի վերաբերյալ  (Իռլանդիայի հետ ընդհանուր) հանրաքվեի ուղղությամբ ջանքերը», — հայտնել է կուսակցության նախագահ Դեկլան Կիրնին:

Քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները բրիտանական կառավարությանը զրկում են Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից այն պայմաններում, երբ նրա բնակիչներն արտահայտվել են ԵՄ-ին անդամակցության օգտին: 

Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները, նախնական տվյալների համաձայն, հաղթել են հանրաքվեին` հաղթահարելով ընտրողների  16,7 մլն ձայների պատնեշը: Brexit-ի կողմնակիցները ձայների 51,7 տոկոսն են հավաքում, նրանց ընդդիմախոսները, որոնք հանդես են գալիս ԵՄ-ին թագավորության անդամակցության օգտին, 48,3 տոկոսը:

Միաժամանակ Sky News հեռուստաալիքի տվյալներով, Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 55,8 տոկոսն արտահայտվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ,  «կողմ» է քվեարկել 44,2 տոկոսը:

Իռլանդական հանրապետական բանակի գոյության ժամանակից ի վեր «Շինն Ֆեյն» կուսակցությունն այդ կազմակերպության քաղաքական թեւն են համարել:   

1921-ի դեկտեմբերին խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Մեծ Բրիտանիայի եւ Իռկլանդիայի միջեւ, ինչի արդյունքում Իռլանդիան դոմինիոնի կարգավիճակ է ստացել, իսկ  1949-ին` լիակատար անկախություն: Հյուսիսային Իռլանդիան մնացել է Մեծ Բրիտանիայի անդամ: