News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի այցը երկու եկեղեցիների եղբայրության եւ համագործակցության նոր վկայություն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիոսկոս Պապի մասնակցությամբ Հրաշափառի Բարիգալստյան արարողության ժամանակ նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն (ֆոտոռեպորտաժ):

Նա, մասնավորապես, ասել է.

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ Մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և Իր Սուրբ Աջով հաստատեց  Սուրբ Էջմիածինը՝ սրբություն սրբոցը համայն հայության: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ Լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ: Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս և սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով մեր հավատացելոց և ողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում:

Այս պահին ջերմ զգացումներով ենք հիշում  2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան: Այն սուրբ Պետրոսի Աթոռի Գահակալի առաջին այցելությունն էր մեր երկիր, որը մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան հանդիսացավ: Մեր  Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին և տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները:

Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր Տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Ձերդ Սրբության, Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է:  Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանում է ի փառս Աստծո (Հմմտ. Բ Կորնթ. Դ15): 

Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Մեր Եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝  խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է Քույր Եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները:

Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց:

Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ