Հայտնի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանն այսօր՝ հունիսի 25-ին, Ցեղասպանության մասին իր գիրքն է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: «Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է եւ թուրքերեն, եւ անգլերեն: Վերժինե Սվազլյանը Հռոմի Պապին է նվիրել անգլերեն տարբերակը:
«Հռոմի Պապին նվիրել եմ «Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը գրել եմ 1955 թվականից սկսած: 60 տարի գրված գրքում առկա են ոչ միայն Ցեղասպանությունը վերապրողների հուշ- վկայությունները, այլեւ պատմական երգեր: Երբ գիրքն առաջին անգամ թարգմանվեց Թուրքիայում, մեծ աղմուկ բարձրացավ: Թուրքերը գնում էին գիրքը՝ իմանալու ճշմարտությունը, քանի որ Թուրքիայում այդ մասին չեն խոսում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Վերժինե Սվազլյանը, որն իր գիրքը նվիրելու համար եկել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հռոմի Պապը խաչ է նվիրել Վերժինե Սվազլյանին եւ շնորհակալություն հայտնել նվերի համար:
Ծծծեռնակաբերդում Հռոմի պապն այսօր հանդեց նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգների հետ: Նրանց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիոս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:
Ժառանգները Հռոմի Պապին պատմել են իրենց պատմությունները:
«Հռոմի Պապը հարցրեց մեր պատմությունները, ապա նվիրեց օրհնված խաչեր»,- ասաց վերապրածների ժառանգ Ալիսա Մկրտչյանը:
Նշենք, որ Հռոմի Պապին այսօր Ծիծեռնակաբերդում նվիրել են համալիրի պատկերով ոսկե հուշամեդալ եւ Ախթամարին նվիրված փորագրաշարքերից մեկը: