News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի հետ մատուցված խաղաղության աղոթքի ընթացքում իր խոսքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ա, իր խոսքում, մասնավորապես, նշել .

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Շնորհազարդ հոգեւոր եղբայրներ եւ սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երեւանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման եւ մարդկության ապահով ու բարօր կյանքի:

Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաեւ պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

Արդարեւ, մեկ եւ կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ եւ պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական եւ ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի եւ վայրագ  բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջեւ, երբ Ցեղասպանության հետեւանքով կորցրել էր  հայրենիքի մեծագույն մասը եւ, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց  ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին եւ ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաեւ այն ավերածությունների եւ կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արեւելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, հոգեւոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին եւ արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արեւելքի եւ Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաեւ մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների եւ կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով եւ հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»:

Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջեւ հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելու»:

Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաեւ նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաեւ Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը եւ բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը եւ ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին եւ բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսեւորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաեւ զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ:

Արդարեւ, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք  Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման եւ ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին եւ Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից եւ պարգեւի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, եւ մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

Բարերար Աստծո մեզ պարգեւած հանդիպման հոգեւոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ եւ Փրկչի շնորհը եւ խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը եւ սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ