News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միլանի դատախազությունը իտալացի հայտնի գործիչ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառք ստանալու մեջ, գրում է իտալական Corriere della Sera-ն։

Վոլոնտեն մեղադրվում է կոռուպցիայի եւ խոշոր չափով գումարների լվացման մեջ։ 2012-2014թթ. նա 2,39 մլն եվրո է ստացել «Բաքտելեկոմ» ընկերության հաշիվներից։  Իտալիայի քննչական մարմինների ներկայացուցիչների պնդմամբ՝ քաղաքական գործիչը գումարներ է ստացել ադրբեջանցի պաշտոնյաների աջակցության համար։ Թերթը նշում է, որ Ադրբեջանում եւ Ստրասբուրգում հանդիպումների ընթացքում Վոլոնտեն խոստացել է գումարի դիմաց աջակցել օտարերկրյա պետության քաղաքական շահերը եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ քաղաքական նախաձեռնություններ է իրականացրել։

Վոլոնտեի փաստաբանները հերքում են մեղադրանքները։ Առաջիկայում քաղաքական գործիչը կարող է կանգնել դատարանի առջեւ։ 

Վոլոնտեն 4 անգամ ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ ցենտրիստական կուսակցությունների անունից։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2008-ին։ 2010-ի հունվարից 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածում նա եղել է ԵԽԽՎ–ում ԵԺԿ խմբակցության ղեկավար։

Իտալական Il Fatto Quotidiano պարբերականն իր հերթին գրում է, որ դատախազության կարծիքով՝ Վոլոնտեն արդեն հասցրել է մշակել ստացած փողերը։

2013–ի հունվարին Եվրոպայի խորհուրդը 128–ն ընդդեմ 79-ը ձայնի մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շթրասերի հաշվետվությունը ալիեւյան ռեժիմի 85 քաղբանտարկյալների մասին։ Միլանի իրավապահների խոսքով՝ Վոլոնտեի համար գումար է փոխանցել ադրբեջանական Baktelecom օպերատորը։ Վոլոնտեն, ամենայն հավանականությամբ, դրանք ստացել է շրջանցիկ ճանապարհներով, կեղծ հաշիվների միջոցով բրիտանական կազմակերպությունների աջակցությամբ Danske Bank–ի էստոնական ստորաբաժանումում։

Մեղադրանքի համաձայն՝ Վոլոնտեն խոստացել է ամեն բան իրեն չպահել, այլ կիսվել մյուսների հետ։ Իսկ փողերի մասին պայմանավորվել է ԵԽԽՎ–ում ադրբեջանցի գործընկեր Էլխան Սուլեյմանովի եւ նրա օգնական Մուսլիմ Մամեդովի եւ այլ քաղաքական գործիչների հետ, որոնց անունները դեռ պարզ չեն։

Վոլոնտեի փաստաբանի խոսքով՝ մեղադրանքները հիմնված են նրա փոխհարաբերությունները սխալ  մեկնաբանելու վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ