Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին սելավների հետեւանքները վերացնելու աշխատանքներ են կատարվում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին մաքրում են սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ տանող ճանապարհները:

«Դպրոցին հարակից տարածքն է մաքրվում, ծննդատան, կարեւոր խաչմերուկներն են մաքրվում, հիվանդանոց տանող ճանապարհը»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետը նշեց, որ միաժամանակ հաշվում են քաղաքին հասցված վնասների չափը եւ թե քանի տնտեսություն է տուժել:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: