News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուխտագնացությունը Հայաստան, որը երեք օր մեր երկրի վրա բեւեռեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը։ Այցի երրորդ օրն սկսվեց Էջմիածնից։ Կաթոլիկների հովվապետի մանսակցությամբ ամենայն հայոց կաթողիկոսը մատուցեց հայկական ծեսով պատարագ։ Պատարագից հետո երկու եկեղեցիների առաջնորդները կաթողիկոսական ամպհովանու տակ միասին քայլելով անցան հավատացյալների միջով։ Viva il papa՝ վանկարկում էին հավատացյալները, իսկ մի փոքրիկ տղա վազելով մոտեցավ ու հայկական եռագույն նվիրեց Հռոմի պապին։

Օրվա երկրորդ կեսին հարյուրավոր հավատացյալներ Խոր վիրապի բարձունքի ստորոտին սպասում էին  պոնտիֆիկոսի ավտոշարասյանը, չնայած տեղյակ էին, որ նրան մոտենալու հնարավորություն չեն ունենալու։ Հռոմի պապը նրանց ողջունեց իր «Ռենո Լոգանի» միջից։ Խոր Վիրապի վանք այցը դարձավ ուխտագնացության կուլմինացիան։ Վանական համալիրում շրջելուց հետո երկու եկեղեցիների առաջնորդները խաղաղության սպիտակ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ՝  դեպի հայ-թուրքական սահմանը։

Երեկոյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրաժեշտ տվեց Հայաստանին: Օդանավակայանում նրան ճանապարհեցին նախագահը, առաջին տիկինն ու կաթողիկոսը։

Թռիչքից մի քանի րոպե անց Սրբազան քահանայապետը գրառում կատարեց իր միկրոբլոգում. «Երջանիկ եմ, որ այցելեցի Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր: Շնորհակալ եմ ընդունելության համար»:

Անկարան ծանր է տարել Հռոմի պապի այցը,  հատկապես այն պատճառով, որ քահանայապետը երկրորդ անգամ ի լուր աշխարհի հայտարարեց, որ 1915 թվականին հայերի նկատմամբ Ցեղասպանություն է եղել։ Թուրքիայի փոխվարչապետը նույնիսկ հայտարարել էր, թե կաթոլիկների առաջնորդը խաչակրաց ոգով է կառուցել իր ելույթը։ Հռոմի Պապի խոսնակը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ Պապի ելույթները․ դրանցում նա մի բառ անգամ չի ասել թուրք ժողովրդի դեմ։

Ինչու Հռոմի պապը վերջին պահին որոշեց փոխել  նախագահականում իր ելույթի տեքստը եւ ավելացրեց Ցեղասպանություն եզրը։ Այս հարցի պատասխանը Հռոմի պապը տվեց արդեն Հայաստանից Հռոմ մեկնելիս՝ օդանավում լրագրողներին տված հարցազրույցում։

 «Լսելով Հայաստանի նախագահի ելույթի տոնը, հիշելով, որ ես անցյալ տարի հրապարակավ ասել եմ այդ  բառը՝ տարօրինակ կլիներ գոնե նույնը չասել», - ասել է պապը։

Քահանայապետը նաեւ հիշել է՝ Արգենտինայում, որտեղ ինքը ծնվել ու մեծացել է,  երբ խոսում են հայերի բնաջնջման մասին, միշտ օգտագործում են «ցեղասպանություն» բառը։  «Ես երբեք այլ բառ չեմ իմացել, իսկ «Մեծ եղեռն» կամ «սարսափելի ողբերգություն» եզրերն առաջին անգամ լսել եմ Հռոմում»,- ասել է նա։

Հռոմի պապը խոսել է նաեւ իր եռօրյա այցի տպավորությունների մասին։

«Հայերն առաջին քրիստոնյա ազգն են, որովհետեւ Աստված օրհնել է նրանց։ Նրանք խիզախ են, քարի նման ամուր են եւ մոր նման քնքույշ։  Հայ ժողովուրդը շատ է տառապել, բայց չի կորցրել իր քնքշությունը, արվեստը, երաժշտությունը, «հավասարակշռված ակորդները», որոնք այդքան դժվար է հասկանալ անգամ հանճարների համար։ Հայաստանը նաև մայր է»,- ասել է պապը։

Ադրբեջանը շարունակում է զենք գնել՝ հայտարարել է Իլհամ Ալիեւը՝ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։  Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջան զենքի ու զինտեխնիկայի նոր տեսակներ են բերվում՝ ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ իրենք ռազմական արտադրանք են ձեռք բերում ոչ թե մեկ մատակարարից, այլ մի քանի տարբեր տարբեր երկրներից:

Ազգային ժողովի արտահերթ նիստում մեկնարկել են ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները։ Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված կոնսենսուսը լիարժեք չէ։

Համաձայնությունը ստորագրած ուժերը պայմանավորվել էին, որ դոնոր կազմակերպությունից անհրաժեշտ 16 մլն եվրոն ստանալու դեպքում բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր, կլինի ուղիղ հեռարձակում, եւ բոլոր ընտրողները նույնականացման քարտերի համար կնախագրանցվեն, այսինք՝ մատնահետք կհանձնեն, որպեսզի եթե նույնիսկ չհասցնեն մինչեւ քվեարկության օրը ստանալ քարտերը, ապա գոնե մատնահետք հանձնելով կմտնեն քվեարկության։ Այսօր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտ գումարից միայն 11,5 միլիոն եվրոն են ճարել դոնոր կազմակերպությունից, ինչը փաստորեն նշանակում է, որ հնարավոր է՝ չհասցնեն մինչեւ սեպտեմբերի 1-ը գնել անհրաժեշտ սարքերն ու սկսել գործընթացը։ Սա բարկացրեց ընդդիմադիր ուժերին։ Նրանք պահանջեցին, որ կառավարությունն իր վրա վերցնի պակասող գումարի ֆինանսավորումը, մինչդեռ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ կառավարությունն ի վիճակի չէ դա անել։

 Զարուհի Փոստանջյանը շեղվեց օրակարգից։ Մեր քաղաքացիները չեն հասկանում, որ չպետք է ընտրեն այս տեսակ իշխանություններին՝ ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն անդադարձավ ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող ընտրական գրավի չափի մեծացմանը, որը խեղճացնելու է ֆինանսական ռեսուրսներ չունեցող ընդդիմադիր ուժերին

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ռուսաստանի հետ միասնական Հակաօդային պաշտպանության համաձայնագիրն ավելի թեժ մթնոլորտ էր առաջացրել խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ համաձայնագրի դեմ բողոքի ակցիա էր անցկացնում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը։Ակտիվիստիները շենքից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին դավաճաններ ու հուդաներ էին անվանում, սուլում նրանց հետեւից։ Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը փորձեց զրուցել հավաքվածների հետ, ինչը քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով։ Մի տղամարդ սկսեց վիճել պատգամավորի հետ ու այնքան տաքացավ, որ ձեռքի ջրի շիշը նետեց նրա ուղղությամբ։ Միջամտության շնորհիվ բանը ծեկռտուքի չհասավ, տղամարդուն բերման ենթարկեցին։

Հրանտ Բագրատյանն ավելի ուշ պատմեց լրագրողներին, թե ինչ է տեղի ունեցել, ու նշեց՝ եթե չփախչեր, մի փոքր կծեծեի։

Ադրբեջանում գերեվարված, ապա հայրենիք վերադարձած  25-ամյա Արսեն Խոջոյանին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է տավուշցի 17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ Աղջկան սպանված էին գտել հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին։ Ենթադրվում է, որ Արսեն Խոջոյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Արմավիրի մարզում հունիսի 26-ին ողբերգական վթար է տեղի ունեցել: Երեւան-Էջմիածին ճանապարհին Այգեկ գյուղի բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը «Պրիստիժ» տաքսի ծառայության ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին: Մեքենայի ուղեւորը՝ 31-ամյա Մառլեն Պետրոսյանը տեղում է մահացել, 27-ամյա Ռոման Բուդաղյանը՝ հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Մառլեն Պետրոսյանը քառօրյա պատերազմին մասնակցած կամավորներից էր՝ NEWS.am-ին ասել է Առաքել Մովսիսյանը, որը վթարից կարճ ժամանակ անց դեպքի վայրում էր։ 

Նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ագաթանգեղոսի շենքերից մեկի 7-րդ հարկից 16-ամյա աղջիկ է ընկել ու ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ աղջիկն ընկել է պատշգամբին նստած սելֆի անելիս։ Աղջկա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Լոռու մարզում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներից տներ են փլուզվել: Շահումյան գյուղի ամառանոցային թաղամասի երկու առանձնատուն ամբողջությամբ սահել են հողի հետ, 4-ը հայտնվել են փլուզման վտանգի տակ: Օրեր առաջ Կարբի գետը անձրեւներից վարարել էր, գյուղամիջյան ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, ջրով էր ողողվել 8 շինության տարածք, վնասվել գետի հետիոտնային կամուրջը:

Արթիկում փորձում են վերացնել սելավատարերի խցանման պատճառով առաջացած հեղեղումների հետեւանքները։ Առայժմ մաքրում են քաղաքի կենտրոնական փողոցները եւ մանկապարտեզներ, հիվանդանոց եւ սոցիալական նշանակության մյուս օբյեկտներ տանող ճանապարհները։  60 բնակիչ տարհանվել է, նրանց տները այս պահին ապրելու ենթակա չեն։  Վնասի ընդհանուր չափը դեռ ճշտվում է, որպեսզի ներկայացվի կառավարությանը փոխհատուցման համար։

Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կենտրոնի ղեկավար էրդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում ոստիկանական համազգեստի վրա տեսախցիկ տեղադրելը թեեւ արմատախիլ չի անի կաշառակերությունը, բայց կտրուկ կկրճատի այն։ Նրա խոսքով՝ մոտ մեկ ամսից ճանապարհային տեսուչների համազգեստի վրա փոքր տեսախցիկներ կտեղադրվեն: Նորամուծությունը, սակայն, ըստ ՀԿ ղեկավարի, որոշ թերություններ ունի, որոնցից մեկն էլ այն է, որ դրանց արած տեսագրությունը առավելագույնը երեք օր է պահպանվելու:

Այսօր արժևորվել է միայն ռուբլին, դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը՝ 7.33, եվրոյինը՝ 524, ֆունտինը՝ 631 դրամ:

Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Առաջիկա գիշերը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +22-ի, իսկ վաղը ցերեկը՝ +36 –ի:  Հնարավոր է կարճատև անձրև:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ