Մեզ գործիքներ պետք չեն, թող մեկը մյուսին գործիքի տեղ չդնի:  NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդարյանն` արձագանքելով այսօր խորհրդարանի դահլիճում  փոխադարձ վիրավորա նքներով ու մեղադրանքներով  Նիկոլ Փաշինյանի, ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանի եւ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բանավեճին:

«Եթե ընդդիմությունը պետք է երկերեսանի լինի, մի կողմից ընդդիմություն խաղա մի կողմից իշխանություն, դա խարխլում է ընդհանուր քաղաքական դաշտը»: Հարցին, թե նշված քաղաքական ուժերից որինն էր ուղղված իր նշած «երկերեսանի» բնութագրումը, պատասխանեց. «Նրանք մեկը մյուսին անհասցե վիրավորանք են  հասցնում... ես վաղուց եմ ասել` նրանք մեր հետ կռիվ չունեն, նրանք  կռվում են ընդդիմության  տեղը զբաղեցնելու համար, ընդդիմության տեղը դատարկ է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է` իրենց ձեռնտու  չէ քաղաքական հակառակորդների պայքարը:

«Լրագրողներդ բազմիցս եք ասում` իշխանությունն է քայքայում ընդդիմությանը, իշխանությունը նման խնդիր չունի, մեզ հարկավոր է կայացած ընդդիմություն, որպեսզի իշխանությունն ավելի զգոն լինի: Ինչքան կայացած է ընդդիմությունը, այնքան բարձր է իշխանության հեղինակությունը»,-համոզված է իշխանության ներկայացուցիչը: