Եթե անհրաժեշտություն լինի, կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գումար հատկացնել հեղեղման հետեւանքով տուժած արթիկցիներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով փոխհատուցման վերաբերյալ արթիկցիների դժգոհություններին:
«Կառավարությունը փոխհատուցում է կատարել հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում: Խնդիր կա՝ թող դիմեն հանձնաժողովին: Ուսումնասիրությանը մասնակցել են տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանը, համայնքը: Իրենք են քննարկել, ուսումնասիրել ակտերի գումարի չափը: Եթե լինեն անհամաձայնություններ, անպայման կանդրադառնանք»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: