Վերնիսաժի հարակից տարածքում շաբաթ եւ կիրակի օրերին հնամաշ եւ ձեռագործ իրեր վաճառող աշխատակիցներին այսօրվանից՝ հուլիսի 2-ից թույլ չեն տալիս այդ տարածքում առեւտուր անել:
Հնամաշ իրեր վաճառող առեւտրականներին քաղաքապետարանի որոշումով տեղափոխել են «Հրազդան» տոնավաճառ, իսկ ձեռագործ իրեր վաճառողներին՝ Վերնիսաժի տարածք:
Հնամաշ իրեր վաճառողներից շատերը, սակայն, համաձայն չեն այս որոշման հետ: Նրանք այսօր՝ հուլիսի 2-ին, Վերնիսաժի մոտ էին հավաքվել՝ պահանջելով թույլ տալ իրենց շարունակել աշխատել նախկինի պես:
Բողոքող վաճառողներին մոտեցան քաղաքապետարանի եւ Վերնիսաժի տնօրինության ներկայացուցիչներ, որոնք տեղեկացրին, որ որոշումն արդեն կայացված է, հատկացված տեղն ավելի լավ պայմաններով է:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վաճառողների 97 տոկոսին արդեն տեղավորել են այլ վայրերում, միայն մի քանի վաճառող կա, որ պնդում են, որ Հրազդան տոնավաճառն իրենց տնից հեռու է, իրենց հարմար չէ այնտեղ հասնել:
Արդեն 10 տարի Վերնիսաժի տարածքում հնամաշ իրեր վաճառող տիկին Ռոզան NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մեկ շաբաթ առաջ ասել են, թե թույլ են տալու մինչեւ սեպտեմբեր աշխատել ու այսօր հանկարծակի եկել, են, հանել տարածքից. «Ես այսօր աշխատանքի եմ եկել իմ իրերով: Սովորականի նման ուզում էի ապրանքս տեղավորել, բայց եկան, բոլորիս ստիպելով հեռացրին տարածքից»:
Առեւտրականի խոսքով՝ ինքը եւ եւս մի քանի աշխատակիցներ չեն գնալու այլ վայր մի քանի պատճառներով:
«Հրազդանում առեւտուր չի լինելու, մարդ չի գալիս այնտեղ: Այստեղով անընդհատ տուրիստներ, քաղաքացիներ են անցնում, իսկ այնտեղ ո՞վ պիտի գա: Բացի այդ այստեղ՝ ծառերի տակ մեզ համար հանգիստ կանգնում էինք, էնտեղ արեւի տակ պիտի կանգնենք»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք բնակվում են Կենտրոն վարչական շրջանում եւ այդքան գումար չունեն, որ ամեն օր տրանսպորտով գնան աշխատանքի:













