Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո կտրուկ բարձրացրել են դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի գները՝ հասնելով մինչեւ 200 հազար դրամի:

Տուրիստական գործակալություննից մեկից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ Լարսի անցակետի փակվելուց հետո դեպի Մոսկվա ավիատոմսի արժեքը 200 հազար դրամ է դարձել՝ կրկնակի թանկանալով:

«Ռուսաստանի բոլոր քաղաքներ տոմսերը՝ դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Մոսկվա, Սոչի, կրկնակիից ավելի թանկացել են Լարսի փակվելու պատճառով»,- նշեցին տուրիստական գործակալությունից:

Մասնավորապես, դեպի Սոչի ավիատոմսի արժեքը երկու ամիս առաջ եղած 60-70 հազար դրամից դարձել է 120 հազար դրամ: «Բացի այն, որ Լարսը փակ է, այս ուղղությամբ ուղիղ չվերթ է իրականցնում միայն «Աերոֆլոտը», այն էլ  շաբաթը երկու անգամ միայն»,- նշեցին մեկ այլ տուրիստական գործակալությունից՝ նկատի ունենալով այդ ավիաընկերության մենաշնորհային դիրքն այդ ուղղությամբ չվերթներ իրականացնելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, եւ այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Անցակետը փակ կմնա եւս մեկ շաբաթ: