Գյումրիում այսօր` հուլիսի 3-ին, բացվել է քառօրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անվան հուշահամալիր: Այն գտնվում է Հաղթանակի պողոտայում` զոհված փոխնգապետի հայրական տան մոտ:

Հուշահամալիրի օրհնության կարգ է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հաղթանակի պողոտան մարդաշատ էր, ներկա էին նաեւ քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ կռվի ժամանակ: Փոխգնդապետն իր ընկերների հետ դիրքեր էր մեկնել, երբ իմացել էր հակառակորդի հարձակման մասին, սակայն դիրքերում շրջափակվել էր նրանց մեքենան:

Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Ապրիլ 10-ին միայն հարազատներն իմացան փոխգնդապետի զոհվելու մասին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: