Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է` անկախ այն հանգամանքից՝ անմշակ է, թե մշակված: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կորցրած տարածքները իսկապես դրանք անմշակ են, ինչպես ՀՀԿ-ականներն են պնդում:

«Այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են ՊԲ վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում»- ասել է նախարարը:

Հարցը, թե ինչու այդ դեպքում հետ չենք վերադարձնում այդ տարածքները, Սեյրան Օհանյանն անպատասխան է թողել:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմում, ըստ Սերժ Սարգսյանի, հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք: Իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն եւ անմշակ են:

Նշենք, որ հունիսի 30-ին Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: