Սյունիքի մարզում այսօր՝ հուլիսի 4-ին, 6 մարդու կյանք խլած ավտովթարի հետեւանքով «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ 47-ամյա Ֆելիքս Սամվելյանը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: NEWS.am-ին Կապանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ նա ունեցել է սալջարդեր եւ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում այսօր՝ հուլիսի 4-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է 6 քաղաքացի, որոնցից մեկը 1 տարեկան երեխա է: Բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:
Մահացածներից 24-ամյա Ռուբեն Ավագյանը եւ 23-ամյա Սոնա Ջավադյանը ամուսիններ են, իսկ 1-ամյա Լիկա Ավագյանը նրանց դուստրը: Ավտովթարից մահացել են նաեւ Երեւանի բնակիչներ 24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Իննա Միքայելյանը եւ 23-ամյա Արտակ Ոսկանյանը:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:
Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ:




























