News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շամշադինի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 19-ամյա Արսեն Մխիթարյանը Արմավիր քաղաքից էր, Բժշկական համալսարանի ուսանող, մեկ տարվա զինծառայող։ Հարազատները վստահ են, որ նա ինքասպան չի եղել, քանի որ ծառայության ընթացքում որեւէ դժգոհություն չի ունեցել։ 

2016 թվականի առաջին վեց ամիսներին հայկական զինված ուժերում մահացել է 136 զինծառայող, որից 77-ը քառօրյա պատերազմում։Վիճակագրական տվյալները հրապարակել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 11 զինծառայող սպանվել է ոչ մարտական պայմաններում, 8-ը՝ ինքնասպան եղել, մեկը մահացել է առողջական խնդիրների, 13-ը՝ դժբախտ պատահարների հետեւանքով։ Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան 102 դեպքերից միայն երկոսւն են տեղի ունեցել Հայաստանում, մյուսները՝ բոլորը Արցախում։ 

Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի անվան պուրակ։ 34-ամյա Ալեքսանը, որը երեք երեխաների հայր է, ընկերների հետ շրջափակման մեջ էր ընկել, մինչեւ վերջ կռվել հակառակորդի դեմ եւ ընկել անհավասար մարտում։

Պուրակի բացմանը մասնակցում էր նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է քառօրյա պատերազմից հետո առաջացած ամենացավոտ հարցերին։  Ի՞նչ դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից, ինչո՞ւ չկանխվեց հակառակորդի հարձակումը, եւ ինչպե՞ս պաշտպանության նախարարը կմեկնաբանի սկանդալային տեսանյութը , որում հակառակորդի առաջխաղացումը տեսնելով հայ զինծառայողներն անընդհատ կրակ բացելու հրաման են խնդրում հրամանատարներից։

Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով մեծանում է Արցախում պատերազմի հավանականությունը՝ կարծում է վերլուծաբան Արա Պապյանը:Նրա խոսքով՝ եթե ապրիլյան պատերազմում Ադրբեջանը չօգտագործեց ավիացիան՝ տեղյակ լինելով, որ հայկական կողմն ունի ուժեղ հակաօդային պաշտպանություն, հիմա, երբ Ռուսաստանի հետ համատեղ կառավարումը թուլացնի Հայաստանի դիրքերը, հակառակորդը չի հապաղի։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հումիսի 4-ի վաղ առավոտյան Տոյոտա մակնիշի մեքենան բախվել է Կամազին, ինչի հետեւանքով մեքենայի 5 ուղեւորները մահացել են տեղում, վարորդը ավելի ուշ՝ հիվանդանոցում։  Վթարի հետեւանքով մահացել են երիտասարդ ամուսինները իրենց 1 տարեկան երեխայի հետ,  ինչպես նաեւ 23-24 տարեկան երեք երիտասարդ։ 4-ը Կապանի բնակիչներ էին, 2-ը՝ Երեւանի։ Վարորդը՝ 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Հայբիզնեսբանկի աշխատակից էր, գնացել էր Արցախ զինծառայող երկվորյակ եղբայրներին տեսակցության։ Արտակի եղբայրը՝ Վրեժը, քառօրյա պատերազմի հերոսներից է , որը հակառակորդի 4 տանկ է ոչնչացրել։ Կամազի վարորդ 47-ամյա Ֆելիքս Սամվելյանը թեթեւ վնասվածք է ստացել, քրեական գործը կպարզի դեպքի հանգամանքները։

Եվս մեկ ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հուլիսի 3-ի երեկոյան Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW մակնիշի մեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետեւ մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դարպասին։ Վթարի հետեւանքով վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տեղում մահացել, իսկ 30-ամյա ուղեւորուհին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց։

Վանաձորում կիրակի սպանություն է տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է Ռուսաստանից օրերս վերադարձած Արմեն Մնացականյանը։  Քրեական գործի շրանակում կա կասկածյալ, որի անունը դեռ չի հրապարակվում։ Եվ սպանվածը, եւ կասկածյալը գործարարներ են։

Քանաքեռի շենքերից մեկի բակում 68-ամյա կնոջ դի է հայտնաբերվել։ Տարածքը մաքրող հավաքարարները դին նկատել են առավոտյան ժամը 5-ին։ Ընտանիքի կարծիքով՝ կինը 11-րդ հարկի իրենց բնակարանից նետվել է գիշերը, երբ տանը բոլորը քնած են եղել։

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 40-45 տարեկան կինը հուլիսի 2-ին գնացքի տակ է ընկել եւ մահացել։ Ոստիկանության տվյալով, անձը չպարզված կինը նստած է եղել երկաթգծին, երբ նրան վրաերթի է ենթարկել բեռնատար գնացքը։

Մոսկվայում ողբերգություն է տեղի ունեցել հարսանիքի ժամանակ։ Հարսանիքի մասնակիցները խնջույքի ժամանակ որոշել են լողալ  ջրամբարում, թերեւս ալկոհոլի ազդեցության տակ են եղել, հարսը լողալիս խեղդվել է, նրան չեն հասցրել փրկել։  32-ամյա հարսի դին գտել են հաջորդ օրը։

Ռուս-թուրքական մերձեցումից հետո կտրուկ մեծացել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի թուրքական հանգստավայրեր։ Ռուսաստանի կողմից դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքի արգելքը հանելուց հետո 3 օրվա ընթացքում այդ երկիրը ռուսաստանցիների շրջանում դարձել է վաճառված տոմսերի քանակով առաջին ուղղությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Վերին Լարսի ճանապարհի փլուզման հետեւանքով արդեն 11-րդ օրն անցակետերում մնացած 50-ից ավելի հայերի ճակատագիրը դեռ անորոշ է: Ռուսաստանի իշխանությունները 240 մարդու օդանավով Հայաստան տեղափոխելուց հետո կարծես թե իրենց գործը համարել են ավարտված, մյուսներին խորհուրդ են տվել իրենց գլխի ճարը տեսնել: NEWS.am-ին Վերին Լարսում մնացած հայերից մեկը պատմել է, որ մարդկանց մեծ մասը գիշերում է մեքենաներում, գոյատեւում են իրենց միջոցներով, միայն երկու օր առաջ են սկսել իրենց սնունդ բաժանել:  Ավելին՝ տեղեկություններ կան, որ, Վերին Լարսում մնացած մարդկանց թիվն  իրականում 50-ից ավելի մեծ է: Նշենք, որ թեթեւ մարդատար մեքենաների համար այսօր փորձնական բացվել է ճանապարհը:

Բնապահպանները ահազանգում են, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Նրանք տեսանկարահանել են աղետալի վիճակը եւ տարածել համացանցում։ Բնապահպանները ահազանգում են, որ վերջին տարիներին ձկների  զանգվածային սատկելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, սակայն, նախարարությունն այդպես էլ չի պարզել պատճառները եւ մեղավորներին։ Բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ մասնագետները եղել են դեպքի վայրում, ջրից վերցրել են փորձանմուշ, որի պատասխանը կլինի շաբաթվա վերջում։

Հայաստանում նախօրեին նշել են Տիրոջ պայծառակերպության տոնը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Վարդավառը։ Միջոցառումների կիզակետը Կարապի լճում էր, որտեղ հարյուրավոր երիտասարդներ ջրել են միմյանց, ուրիշներին, ոմանց՝ իրենց կամքին հակառակ։  Երիտասարդ տղաների գլխավոր թիրախն աղջիկներն էին։ Խրախճանքից նվեր մնացին փչացած հեռախոսները եւ տեսախցիկները։

Արդեն ձեավորված ավանդույթի համաձայն՝ Գառնիում եւ Գեղարդում Վարդավառը նշել են շուրջպարով։

Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել է 42 միլիոն եվրոյով, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։  Այսպիսով՝ Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Անդրեյ Շեւչենկոյին, որը 2006 թվականին իտալական «Միլանից» Լոնդոնի «Չելսի» էր տեղափոխվել 40 միլիոն եվրոյով: Ըստ լրատվամիջոցների՝ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալու է տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ։

Այսօր թուլացել է միայն բրիտանական ֆունտը, դոլարը, ռուբլին ու եվրոն ամրապնդվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝ 7.46, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝ 633 դրամ:

Երեւանում հուլիսի 5-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի, իսկ վաղը ցերեկը՝ +32-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ