Սյունիքի մարզում հուլիսի 4-ին 6 մարդու կյանք խլած  ավտովթարի  պատճառը «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը չէ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի գյուղապետ Վարդան Մեսրոպյանը՝ նշելով, որ «Կամազի» վարորդ, իրենց համագյուղացի  47-ամյա Ֆելիքս Սամվելյանը պատահածի մեջ իրեն մեղավոր չի համարում։

Գյուղապետի խոսքով՝ իրավապահներն արդեն ուսումնասիրել են տեսախցիկների տեսագրությունները եւ նույնպես համոզվել, որ ավտովթարի մեղավորը Ֆելիքս Սամվելյանը չէ։

«Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, 6 երիտասարդի կյանք է խլել այդ ավտովթարը, բայց այս պահին դեպքի վայրում ենք, ուսումնասիրում ենք տեսանյութերը, որոնցից երեւում է, որ «Toyota Camry»-ի վարորդը արագ է վարել ավտոմեքենան, ուզեցել է  վազանց անել «Կամազին», սակայն, սխալ է հաշվարկել եւ մտել է բեռնատարի տակ»,-ասաց գյուղապետը:

Վարդան Մեսրոպյանը նշեց, որ այս պահին Ֆելիքս Սամվելյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում, դեպքի հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում հուլիսի 4-ին տեղի ունեցած ավտովթարից մահացել է 6 քաղաքացի, որոնցից մեկը 1 տարեկան երեխա է: Բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան եւ «ԿԱՄազ» մակնիշի բեռնատարը:

Մահացածներից 24-ամյա Ռուբեն Ավագյանը եւ 23-ամյա Սոնա Ջավադյանը ամուսիններ են, իսկ  1-ամյա Լիկա Ավագյանը՝ նրանց դուստրը:  Ավտովթարից մահացել են նաեւ Երեւանի բնակիչներ  24-ամյա Մուշեղ Մարջանյանը, Իննա Միքայելյանը եւ 23-ամյա Արտակ Ոսկանյանը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ: