Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը կարծում է՝ Կառավարության հատկացրած գումարը բավարար է, որ արթիկցիները վերանորոգեն հունիսի 24-ի հեղեղի հետեւանքով վնասված իրենց տները։

«10 օրերի ընացքում ես եղել եմ տուժածների բնակարաններում, հատկացված աջակցությունը բավարար է, որ տները գան այն վիճակին, ինչ եղել է մինչեւ հեղեղը։ Հիմնականում 50-ականների եւ 60-ականների տներ են, փայտից տանիքներով։  Խոնավությունը դուրս գալուց հետո բավարար է, որ հատակը նորից ներկվի, պատերը ծեփվեն եւ նախկին վիճակին վերադառնան»,- այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արսեն Աբրահամյանը՝ նշելով, որ ըստ որոշման՝ աջակցություն են ստանում այն քաղաքացիները,  որոնք ունեն վնասված բնակարաններ, ցանքատարածքներ, եւ  գյուղատնտեսական կենդանիների կորսուտներ։

Արսեն Աբրահամյանը նշեց, որ հեղեղատարի մաքրման համար նույնպես գումարներ են հատկացվել, այժմ աշխատանքներ են իրականացվում,  տեխնիկա է աշխատում, մաքրվում են հեղեղված փողոցները։

«Մանկապարտեզի հարակից տարածքն է մաքրվում, մանկապարտեզի եւ  դպրոցի կոյուղագծերը փոխում են ամբողջությամբ»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետի խոսքով՝ բնակիչների կողմից հաճախ «ֆանտաստիկ» հայտարարություններ են լինում, թե ոսկեղեն են կորցրել, մի քանի պարկ շաքարավազ ու ալյուր։

«Դժվար է հավատալ, թե հինգ պարկ ամբարված շաքարաված, ալյուր կարող է ունենալ ամեն մեկն իր նկուղում։ Տուն կար, ասացին՝ տրցակով ոսկի են կորցրել»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքապետարանը կենցաղային հարցերում կաջակցի քաղաքացիներին. «Ոչ մեկ ձմեռnամուտին առանց շաքարավազի,  առանց կահույքի չի մնա։ Բարերարների կողմից նույնպես կլինեն աջակցություններ»։

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: