Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Դարյալի կիրճի ավտոմայրուղու վրա, երթեւեկությունը որոշել են չբացել եւս մի քանի օր, ենթադրաբար մինչեւ հուլիսի 8-9-ը, մինչեւ որ անցնի սողանքի վտանգը:

Դարյալի կիրճով երթեւեկությունը նախատեսել էին բացել նախօրեին` հուլիսի  4-ին, Թբիլիսիի ժամանակով 17:00-ին: Սակայն ճանապարհի բացումը հետաձգել են, որովհետեւ երեկ օրվա երկրորդ կեսին կիրճում ուժեղ հեղեղ է սկսվել:  Բացի այդ, օդերեւութաբաններն ակնկալում են, որ այդ շրջանում ուժեղ անձրեւներ կլինեն հուլիսի   4-ից մինչեւ 7-ը: Դա կարող է լեռներում սողանքներ առաջացնել, հայտնել են Վրաստանի տարածաշրջանային  զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունից: 

«Ռիսկեր կան, որովհետեւ ժամանակավոր ճանապարհի մոտով գետ է անցնում: Այդ ռիսկերից խուսափելու համար մենք որոշում ենք կայացրել առայժմ չբացել երթեւեկությունը ճանապարհի Դարյալի հատվածում, որովհետեւ ցեխաջրի հոսքերի կամ անձրեւի դեպքում մեզ մոտ կարող են խնդիրներ առաջանալ: Երթեւեկությունը կվերականգնվի, երբ մասնագետները բացառեն օդերեւութաբանական եւ երկրաբանական տեսանկյունից ռիսկերի հնարավորությունը»,- տարածաշրջանային զարգացման նախարարությունից հայտնել են «Նովոստի Գրուզիա»-ին:  

Երբ ճանապարհը բացեն, երթեւեկությունը կթույլատրվի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների համար: Երթեւեկության վերահսկողությունը կիրականացնի պարեկային ոստիկանությունը: 

Հունիսի 23-ին Ռազմավիրական ճանապարհի Դեւդորակի կիրճում սողանք էր տեղի ունեցել։ Թերեք գետը ափերից դուրս է եկել եւ ոչնչացրել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի  ճանապարհի 800 մետրանոց հատվածը (134-135 կմ):

Մասնագետներին գործնականում շուրջօրյա աշխատանքի վեց օր է անհրաժեշտ եղել Թերեք գետը նախկին հուն վերադարձնելու համար: 

Վրաստանի իշխանությունների ձեռք առած միջոցների շնորհիվ Ռազմավրացական ճանապարհին բեռնատար տրանսպորտի առաջացրած խցանումը վերացել է: Այն բեռնատարների վարորդներին, որոնք արագ փչացող արտադրանք էին տեղափոխում, Ռուսաստանի ուղղությամբ այլընտրանքային երթուղի են առաջարկել` Ադրբեջանով: Հայաստանից թարմ մրգերը եւ բանջարեղենը, որ տեղափոխում էին  55 բեռնատար մեքենայով, Ռուսաստան են հասցրել լաստանավով: