ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների եւ մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին եւ նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Հանրապետության Նախագահը կարեւորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաեւ ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի եւ մեր երկրում բասկետբոլ մարզաձեւի զարգացման հեռանկարի մասին:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության եւ ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարեւոր խթաններից մեկն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ եւ թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ: