Արթիկում սելավից տուժած Մոնղորյանները դեռ չեն ստացել այն տունը, որը խոստացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընտանիքի հայրը՝ Լյովա Մոնղորյանը:
«Վարչապետը որ եկել էր Արթիկ հունիսի 25-ին, մեր տուն էլ եկավ, տեսավ, որ ապրելու համար պիտանի չի եւ քաղաքապետին ասաց, որ մեզ տուն հատկացնեն, իսկ ինձ էլ ասաց, թե մի նեղվեք, մենք տուն կտանք: Դրանից հետո էլ քաղաքապետը եկավ, թե տան փող չկա, կարող ենք միայն մեկ ամսվա տան վարձը տալ»,- ասաց Լյովա Մոնղորյանը:
Մոնղորյանների տունն ամենաշատն է տուժել, 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ 3 անչափահաս երեխաներն ու 2 թոշակառուները, արդեն 10 օր է՝ բնակվում են բարեկամներից մեկի տանը: Նշենք, որ ընտանիքի հայրը վատառողջ է:
«Կառավարությունից մեզ 1 մլն 900 հազար դրամ են հատկացրել, բայց դրանով ի՞նչ պիտի անենք: Մեր անասուններին ենք կորցրել, գոմը մինչեւ հիմա ջրի մեջ է: Որոշել եմ, պիտի վարչապետին դիմեմ, որ տունս տան»,- ասաց Լյովա Մոնղորյանը:
Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից, մինչդեռ Արթիկի քաղաքապետը հայտարարում է, որ հատկացված գումարը բավարար է, իսկ արթիկցիները չափազանցում են վնասի չափից:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:



























