News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փլուզումից մոտ երկու շաբաթ անց Վերին Լարսի ավտոճանապարհն այսօր առաջին անգամ մի քանի ժամով փորձնական բացվել է թեթեւ մարդատար մեքենաների երկկողմ երթեւեկության համար։ Վաղը առավոտից մինչեւ երեկո ճանապարհը կրկին կբացվի։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա 4–5 օրվա ընթացքում կլուծվի ճանապարհի լիարժեք շահագործման հարցը, նաեւ բեռնատարների համար։

Մինչ այդ Վերին Լարսում մնացած հայերի նյարդերը տեղի են տալիս։ Գարեգին Կարապետյանը արդեն մի քանի օր հայկական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս եւ  դժգոհում ռուսական իշխանությունների վերաբերմունքից։ Դա վեճի պատճառ է դարձել նրա եւ ճանապարհին մնացած մյուս հայ վարորդների միջեւ։ Նրանք պահանջել են, որ Գարեգին Կարապետյանը իրենց բոլորի անունից չդժգոհի, քանի որ իրենք գոհ են իրենց հանդեպ վերաբերմունքից։ Համացանցում տարածվել է վիճաբանության տեսանյութը։

Սելավատարերի խցանման պատճառով հեղեղված Արթիկ քաղաքի տները աղետալի վիճակում են։ NEWS.am–ի նկարահանող խումբը եղել է քաղաքում եւ համոզվել, որ արթիկցիների պնդումները, որ կառավարության վճարած գումարները բավարար չեն իրենց վնասները փոխհատուցելու համար, հիմնավոր են։ Սելավատարի ճանապարհը ամբողջությամբ լցված է հսկայական քարերով, որոնք փակել են որոշ տների մուտքերը, իսկ սելավաջրերը փոխել են հունը եւ հոսում են այդ տների հիմքերով։ Բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել տները, ասում են, որ եթե հարցը շատ արագ չլուծվի, իրենք վերջնականապես կզրկվեն իրենց չորս պատից։  Շինաշխատանքները, սակայն, շատ դանդաղ են ընթանում։ Հեղեղից երկու շաբաթ անց բանվորները կարողացել են վերականգնել սելավատարի միայն մի չնչին հատվածը։ Մինչդեռ ամեն օրը կարող է ճակատագրական դառնալ վտանգված տների համար։ 

Հորդառատ անձրեւների պատճառով այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ապարան քաղաքում։ Անձրեւաջրերը լցվել են բնակիչների տները, նաեւ դպրոցը։  Փրկարարները իրականացրել են ջրի հոսքի փոփոխման աշխատանքներ:

Զարուհի Փոստանջյանը փաստեր ունի, որ ապրիլի պատերազմը եղել է պայմանավորված, իսկ ծրագիրը տապալել են մեր 18-ամյա զինծառայողներն ու կամավորները: Ավելին՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը վստահ է, որ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ, իսկ Ռուսաստանը մասնակցել է որպես երրորդ կողմ։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, մասնավորապես ՀԱԿ–ը, Արցախի հարցում նույն քաղաքականությունն են վարում։

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Վիեննա-Երեւան չվերթ իրականացնող օդանավում։Հուլիսի 5-ին թռիչքի ժամանակ ուղեւոր է մահացել: Ոստիկանությունից հայտնում են, որ մահացած տղամարդը Ավստրիայի քաղաքացի է։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ողբերգություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծափաթաղ գյուղում 2-ամյա երեխան բակում խաղալիս ընկել է ջրով լցված «վաննայի» մեջ ու խեղդվել: Ծնողներն այդ պահին երեխայի կողքին չեն եղել:

Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ շրջվել է զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով 15 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեբախտաբար, ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։ Բուժօգնություն ստանալուց հետո բոլորը դուրս են գրվել։

Հրազդանում 7 տարեկան տղայի մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։ Նա վթարի ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրա սթափության աստիճանը եղել է 0,65 մլ/գ։ Հիշեցնենք, որ երեխան ծնողների եւ երկու քույրերի հետ քայլելիս եղել մայթով, երբ մեքենան մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային, որը տեղում մահացել է։ Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել:

Պարզվել է Եղվարդում գնացքի տակ ընկած եւ մահացած կնոջ ինքնությունը։ 42-ամյա Անուշ Գասպարյանը համարվում էր անհետ կորած, տառապում էր հոգեկան խնդիրներով։Հիշեցնենք, որ հուլիսի 2–ին  կեսգիշերի մոտ նրան վրաերթի էր ենթարկել բեռնատար գնացքը։ Կինն այդ ժամանակ նստած էր եղել երկաթգծին։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում օրերս սպանված տղամարդու մասին։Ֆիզիկոս Արմեն Մնացականյանը, որը Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ էր, եւ մի քանի օր առաջ էր վերադարձել Ռուսաստանից, սպանվել է, երբ փորձել է հարթել ընկերոջ եւ մի տղամարդու միջեւ վեճը։  Պարզվում է՝ նրա ընկերը 5000 դրամ է տվել տղամարդուն, որ մանրի, կասկածել է, որ մանրը սխալ է վերադարձրել, սկսել է վիճել։ Գնացել են Վանաձորում գտնվող մի հանդամաս՝ «հարցեր պարզաբանելու», ֆիզիկոսը փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, երբ անհատ ձեռներեցը կրակել է նրա ուղությամբ եւ դիմել փախուստի: Արմեն Մնացականյանը հիվանդանոցում մահացել է։

Մոսկվայում տեսահսկման խցիկները տեսագրել են այսպես կոչված ջենթլմեն բռնաբարողին։  Կադրերում երեւում է ՝ ինչպես է նա աղջկան ուժով տանում դեպի մոտակա թփերը, ապա բռնաբարելուց հետո նրան հարգալից ուղեկցում դեպի շենքի մուտքը, ջերմորեն գրկում նրան, մխիթարում եւ խնդրում, որ այսուհետեւ ավելի զգույշ լինի, որպեսզի կրկին բռնաբարության զոհ չդառնա։

Աֆրիկացի ապօրինի ներգաղթյալը  Էրիթրեայից Շվեյցարիա է ուղեւորվել՝ թաքնվելով ընկերոջ ճամպրուկի մեջ։ Նրանք գնացք են նստել Միլանում եւ ուղեւորվել Մեծ Բրիտանիա։ Ծրագիրը գրեթե հաջողվել էր, սակայն մեկնումից 45 րոպե անց բարձրահասակ տղամարդը ճամպրուկի մեջ չի դիմացել տանջանքներին եւ  ցավից տնքացել է։ Ոստիկանները նրան ու ընկերոջը հետ են ուղարկել Իտալիա։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա անգլիական ակումբի հետ արդեն կնքել է չորս տարվա պայմանագիր։ «Երազանքս իրականացավ: Ես շատ հպարտ եմ ու ուրախ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»  ՝ մի ակումբի, որն ինձ միշտ հիացրել է իր փառահեղ պատմությամբ եւ հրաշալի երկրպագուներով: Անհամբեր սպասում եմ աշխատանքին՝ մարզիչի եւ իմ նոր թիմակիցների հետ»,  «Ֆեյսբուքում» գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները թուլացել են, ֆունտը՝ զգալիորեն՝ 16 դրամով: Եվ այսպես, դոլարի փոխարժեքը կազմել է 476,ռուբլունը՝ 7.38, եվրոյինը՝527, ֆունտինը՝617 դրամ:

Երեւանում հուլիսի 7-ին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ