Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հուլիսի 7-ին, մեկնարկեց ի պաշտպանություն կալանավորված՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի երթը դեպի նախագահական նստավայր (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Հիմանադիր խորհրդարանի» մի քանի տասնյակ անդամներ այս պահին Բաղրամյան պողոտայով շարժվում են դեպի նախագահական նստվայր, որտեղ նստավայրի դիմացի մայթին ակցիա կիրականացնեն:

Երթի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն Հայաստանի դրոշներ, «Ռեժիմ, մենք բոլորս Ժիրայր ենք» գրությամբ պաստառ:

Նախքան երթի մեկնարկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին զգուշացրեց, որ երթը իրազեկված չէ, անօրինական է, եւ նրանք իրավունք չունեն երթ անցկացնելու: Երթի մասնակիցները խոստացան միայն մայթերով քայլել եւ կարգ չխախտել, ինչից հետո ոստիկանները նրանց թույլ տվեցին շարժվել Ազատության հրապարակից:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: