News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր կարեւոր նշանակումներ է արել պաշտպանության ոլորտում: Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանը նշանակվել է Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ՝ փոխարինելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող Մելսիկ Չիլինգարյանին:

Մեկ այլ հրամանագրով 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար:

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ազատվել է երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից եւ  նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Գնդապետ Գրիգորի Խաչատուրը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: Նշենք, որ նա Յուրի Խաչատուրովի որդին է,  որը մի քանի տարի առաջ աշխատանքից ազատվել էր աղմկահարույց սկանդալի մեջ հայտնվելու համար: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Պուտինի հանդիպման մասին։ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման հասնելու համար:

Կառավարությունը պետծառայողներին զրկել է պետության հաշվին հանգստանալու իրավունքից, որոշել է երեք տարով կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը։  Գործադիրն այս որոշումը բացատրում է ոլորտում հայտնաբերված չարաշահումներով։ Խոսքը 2017-2019 թվականների մասին է։ Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը ավելի ուշ պարզաբանել է, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Պարզվում է՝ պետծառայողների մի մասը պայմանավորվել է հանգստյան տների հետ կեղծ հանգստի շուրջ։ Պետությունը փոխանցել է գումարները, իսկ հետո հանգստյան տները դրանց մի մասը վերադարձրել են պետծառայողներին։

Կառավարության որոշումից դժգոհ են հատկապես ուսուցիչները։ Թեեւ կառավարության տրամադրած գումարը փոքր է՝ մոտ 80 հազար դրամ, սակայն ուսուցիչների աշխատավարձն այնքան ցածր է, որ դա միակ միջոցն էր թեկուզ երկու–երեք օրով Հայաստանում կամ Արցախում հանգստանալու համար։

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի փակման վտանգը միշտ էլ լինելու է՝ կառավարության նիստում ասել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նույնիսկ այժմ, երբ ճանապարհը բաց է մարդատարների համար, իսկ 4-5 օրից կբացվի նաեւ բեռնատարների համար, մայրուղու մոտ լեռներում մոտ 5 մլն տոննա հոսող հող կա եւ ամեն պահի սողանք կարող է լինել։  Բեգլարյանը բեռնափոխադրողներին կոչ է արել հաշվի առնել այս վտանգը։ Միաժամանակ, նախարարն ասել է, որ քննարկվում է ավելի անվտանգ, այլընտրանքային ճանապարհ բացելու հարցը։Հիշեցնենք, որ Վերին Լարսը փլուզման հետեւանքով փակ է հունիսի 23–ից։ Հայ բեռնափոխադրողները իրենց բեռներն այս ընթացքում տեղափոխում են լաստանավով:

Ուկրաինայի, Վրաստանի եւ Կոսովոյի քաղաքացիները շուտով Եվրամիության երկրներ մուտք կգործեն առանց վիզայի։ Այսօր Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել այդ որոշմանը։

Երեւանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել:«Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տարածքում 60-ամյա Լյովա Խաչատրյանը շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է բարձրությունից ու մահացել: Հարուցվել է քրեական գործ` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հոդվածով:

Երեւանում մեկնարկել է մեկ տարի առաջ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի աղմկահարուց գործով դատավարությունը: Ծննդկանի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որի մոտ հաշվառված է եղել հղին, եւ բժշկուհի Անի Բաբելյանը, որը հրաժարվել է հոսպիտալացնել բարձր ջերմություն ունեցող հղիին: Առաջին դատական նիստը հետաձգվել է։  Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը, ըստ հարազատների, հղիության 36–չդ շաբաթում մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել, սակայն «Շենգավիթ»-ի բժիշկները հրաժարվել են հոսպիտալացնել նրան: Միայն հուլիսի 26-ին են Մերիին հոսպիտալացրել, ապա մեկ օր անց տեղափոխել «Էրեբունի», որտեղ էր 26-ամյա Մերին երկու օր անց մահացել էր: Օրեր անց մահացել էր նաեւ նորածինը։

Մարտի սկզբին մարտական դիրքերում մրսելու հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված ժամկետային զինծառայող Արամ Սարյանն ազատվել է ծառայությունից: 18-ամյա Արամի մոտ ախտորոշվել էր Գիյեն Բարեի համախտանիշ, ինչի հետեւանքով նա չէր կարողանում խոսել, քայլել: Ծնողների խոսքով՝ Արամը մրսել է լողանալիս։ Չորսամսյա բուժումից հետո տղան դուրս է գրվել հիվանդանոցից: Նա արդեն կարողանում է խոսել եւ քայլել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնախարազանման հերթական  դեպքն է գրանցվել։ Դատապարտյալը կարել է աչքերը։Նա այդ կերպ բողոք է հայտնել իր դեմ հարուցված քրեական գործից: Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում բունտ է հասունանում։ Այսպես կոչված «զոն նայողներից» մեկին տեղափոխել են պատժախուց, ինչը լուրջ դժգոհության պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում հերթական բախումը հասունանա ՔԿՀ-ում:

Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն այսօր կրկին բողոքի ցույց են արել նախագահական նստավայրի մոտ։ «Մենք բոլորս Ժիրայր Սեֆիլյան ենք», «ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով նրանք շարժվել են դեպի նախագահական նստավայր, որտեղ պահանջել են ազատ արձակել ազատամարտիկին, որը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու հոդվածով։ Սեֆիլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ հայտարարելով, որ իրականում իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կրկին հայտնվել է նոր սկանդալում։ Նա եւ իր որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, չեն թողել դիահերձեն իրենց մահացած հարեւաններից մեկի դին: Վարդան Ղուկասյանը իր այս քայլը բացատրել է նրանով, որ դիահերձելը հակաքրիստոնեական քայլ է:

Դոլարի փոխարժեքը այսօր անփոփոխ է, իսկ ռուբլունը, եվրոյինն ու ֆունտինը աճել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.45, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 619 դրամ:

Երևանում առաջիկա գիշերը սպասվում է 17-19, իսկ վաղը ցերեկը՝ 31-33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ