Կացնահարելով նախկին զոքանչին սպանելու եւ աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվող Վլադիկ Մարտիրոսյանը անելանելիությունից ելնելով է նման քայլի գնացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիկի ընկերներից Արամը, ով պատմեց, որ Վլադիկը մի քանի տարի առաջ էր բաժանվել կնոջից, իրենց 2-ամյա երեխային տեսակցելու համար Արցախում բնակվող Վլադիկն ամեն անգամ գալիս էր Երեւան, սակայն, ինչ-որ խոչընդոտների պատճառով չէր ստացվում տեսնել 2-ամյա երեխային: 

«Երեխային տեսնելու օրենքով  սահմանված օրերը ԴԱՀԿ ծառայության ալիմենտի բռնագանձման բաժինն էր որոշում, սակայն,  պատշաճ չէր կազմակերպում տեսակցությունները: Էդ տղեն  Ղարաբաղից գալիս հասնում էր ստեղ, իր տեսակցությունը չէր կայանում, ամեն անգամ դատարկ, առանց երեխային տեսնելու գնում էր:  Ու միշտ վիճաբանություններ էին առաջանում: Կարելի է ասել, որ իրականում նրան հասցրել են էդ վիճակին, որ նման քայլի է գնացել: Արցախում էր աշխատում, բայց ամեն անգամ գործը թողնում էր, խաղալիքներ առնում, գալիս էր, որ տեսնի երեխային, բայց ԴԱՀԿ-ի ալիմենտի բաժինը ասում էր՝ զանգել ենք, տունը չեն, հիվանդ է երեխան, կամ այլ պատճառաբանություններ էին բռնում, այնպես որ տեղի ունեցածի մեջ միայն Վլադիկի մեղքի բաժինը չէ»,-ասաց Վլադիկի ընկերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանում նախկին փեսան կացնահարելով սպանել է զոքանչին եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել կնոջն ու աներոջը:

Սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ եւ այլ առարկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: