Նախկին ազատամարտիկները մտադրվել են Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի հարակից տարածքում կառուցել նոր ավան եւ բնակություն հաստատել այնտեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են նախաձեռնության անդամները։
Նրանք մեկ ամիս առաջ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին նամակով տեղեկացրել են իրենց մտադրությունների մասին, սակայն մինչ այսօր պատասխան չեն ստացել։
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խափլանյանն ասաց, որ արդեն Լոս Անջելեսից այդ ծրագրի համար հանգանակել են 1 միլիոն 800 հազար դոլար գումար։ Եթե Հայաստանի եւ ԼՂՀ իշխանություններից դրական պատասխան ստանան, ապա շուրջ 300 հոգով մեկնելու են եւ սկսեն աշխատանքները։ Նրանք ասացին, որ ապրիլյան պատերազմից հետո Երեւան տեղափոխված թալիշեցիների հետ չեն քննարկել հարցը եւ դա իրենց հետ կապ չունի։
Նշենք, որ նախաձեռնության հեղինակները ապրում են Հայաստանում։
«Որքան էլ մենք խնդրենք ու պահանջենք չենք կարող թալիշեցուն ուղղորդել իր ծննդավայր, քանի որ գիտենք այն վերածվել է չեզոք գոտու, իսկ թե ինչ է նշանակում չեզոք գոտին, արդեն մեկնաբանության կարիք չկա։ Քանի դեռ շարունակվում է «ոչ պատերազմ ոչ խաղաղություն» կախյալ վիճակը, մենք հղացել ենք այս ծրագիրը եւ որոշել այն կյանքի կոչել։ Այս ծրագրին օժանդակողները այն մարդիկ են, որոնք մարտնչել են այդ հողի համար։ Այդ ծրագիրը ունի երկու ուղղություն՝ Թալիշի տարածքը բնակեցնել որքան հնարավոր է շուտ, եւ երկրորդը՝ ստեղծել երկրորդ պաշտպանական գոտի, որպեսզի այսօր սահմանին կանգնած երեխաները պաշտպանված լինեն»,-ասաց Մելիտա Խալափյանը։
«Կամանդո» հակաահաբեկչության եւ պահպանության միավորման հիմնադիր նախագահ, հակաահաբեկչության ե ւ պահպանության գեներալ-գնդապետ Տարոն Աբրահամյանը նշեց, որ մանրամասնությամբ ծրագիրը ներկայացրել են երկու հանրապետությունների իշխանություններին՝ կառավարությանը եւ պաշտպանության նախարարներին։
«Մենք ուզում ենք 4 հեկտարի չափով մի փոքրիկ ավան կառուցենք, մեզ համար գործ դնենք ապրենք եւ բուն թալիշցիները ուզում են գան, թող գան մեզ հետ ապրելու։ Առաջին պատերազմից հետո Ղարաբաղի իմ տունն էլ է քանդվել։ Մենք համարյա գնում ենք գյուղի կողքը եւ այնտեղ կառուցում դա։ Մենք գնում ենք կամավոր ապրելու եւ գիտենք՝ կոնկրետ որտեղ ենք ապրելու, չենք ասել՝ Թալիշում ենք ապրում, այլ մեզ համար ստեղծում ենք ավան»,-ասաց Տարոն Աբրահամյանը։
Նրանք հայտարարեցին, որ իրենք միջոցներ ունեն դա իրականացնելու համար, պարզապես հարկավոր է, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները հաստատեն իրենց ծրագիրը, ինչից հետո ցանկացած պահից իրենք պատրաստ են մեկնել։ Իսկ եթե հաստատելուց բացի նաեւ համաձայնեն աջակցել, այդ ժամանակ մանրակրկիտ կներկայացնեն ողջ ծախսը։





























