«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու դեմ բողոքող ճարտարապետներն ու քաղաքացիներն այսօր՝ հուլիսի 8-ին, Արգենտինայի դեսպանատուն հանձնեցին արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված գործունեությունը դատապարտող նամակ. «Հանձնեցինք, մեզ դիմավորեց դեսպանի ներկայացուցիչը: Նա խնդրեց, որ այն փաստաթղթերը, որոնցում ավելի մանրամասն նշված են «Զվարթնոցի» հետ կապված հարցեր, նույնպես պատճենահանվեն եւ ուղարկվեն դեսպանատուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա տեղեկացրեց, որ դեսպանատնից նշել են, որ ներկայացված փաստաթղթերը կուղարկեն Արգենտինայի դատախազություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու դեմ բողոքող ճարտարապետներն ու քաղաքացիները Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հուլիսի 8-ին, երթով շարժվել են Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն՝ իրենց բողոքը հայտնելու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեության դեմ:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը շահագործման վերցրած կոնցեսիոները սկսել է էստակադայի ապամոնտաժման աշխատանքները, որը հասարակության շրջանում դժգոհություն է առաջացրել:





























