News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում սողանքից ջրագծի վնասվելու հետեւանքով բնակիչները զրկվել են խմելու ջրից, իսկ մարզպետարանից գյուղապետին հորդորել են սպասել մինչեւ հանգստյան օրերի ավարտը:

Գյուղապետ Արտուշ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ զանգահարել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, ով պատասխանել է, որ երկուշաբթի կտեղեկացնեն մարզպետին կամ մարզպետի տեղակալին ու նրանք կզբաղվեն այդ հարցով: Մինչ այդ գյուղացիները կմնան առանց խմելու ջրի:

«Սողանքային տարածք ա, միշտ լինում ա նման բան, բայց այս անգամ ավելի ուժգին եղավ, 100 մետր ջրագիծը կոտրվել է, պետք է փոխել, նորը դնել: Ոռոգման եւ խմելու ջուր չկա այս պահին, խմելու ջուրը դույլերով են կրում գյուղի աղբյուրից»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից եկել են, արձանագրել վթարն ու գնացել:

Նշենք, որ ջրագիծը վնասվել է հուլիսի 8-ին՝ ժամը 17.00-ի սահմանում, այսինքն գյուղացիները առանց ջրի պետք է մնան 3 օր, մինչեւ երկուշաբթի նոր այդ մասին տեղեկացնեն մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչպես են լուծելու խնդիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 16.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել է գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը: Պարզվել է, որ տեղի է ունեցել 40 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 15 մ խորությամբ սողանք, ինչի հետեւանքով վնասվել է գյուղը սնուցող խմելու ջրի խողովակը եւ ոռոգման ջրի առուն: Փրկարարները դադարեցրել են խմելու ջրագծի արտահոսքը: Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ