News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ է մարզի Գուդեմնիս գյուղում սողանքից առաջացած վթարի մասին: Մարզպետը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այսօր կսկսեն վնասված ջրագծի խողովակներ փոխելու աշխատանքները:

«Տեղյակ եմ, հանձնարված ա արդեն, կանեն»,- ասաց մարզպետը:

Թե երբ գյուղացիները խմելու ջուր կունենա, մարզպետը դժվարացավ նշել:

«Ավտոյի ակ չի, որ ասեմ 10 րոպեում կփոխեն: Բավական մեծ հողային աշխատանքներ են անում, ես հիմա ոնց ասեմ՝ վաղը կվերջացնեն, թե հինգ օր հետո»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ զանգահարել է քաղաքաշինության վարչության պետին, նա ասել է, որ երկուշաբթի, երբ հանգստյան օրերն անցնեն, ինքը վթարի մասին կտեղեկացնի մարզպետին ու խնդրով կզբաղվեն: Մինչ այդ գյուղացիները 3 օր ստիպված էին անջուր մնալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել է գյուղը սնուցող խմելու ջրի ջրագիծը: Պարզվել է, որ տեղի է ունեցել 40 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 15 մ խորությամբ սողանք, ինչի հետեւանքով վնասվել է գյուղը սնուցող խմելու ջրի խողովակը եւ ոռոգման ջրի առուն: Փրկարարները դադարեցրել են խմելու ջրագծի արտահոսքը: Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության ներկայացուցչին եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ