ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հայկական ուժերի կորցրած 800 հեկտարը ռազմավարական ու մարտավարական առումով որեւէ նշանակություն չունի, թուլացնում է մեր դիրքերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Գյումրիում «Համախմբում» կուսակցության տարածքային գրասենյակի բացումից հետո լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը:

«Ես որպես այդպիսի հայտարարություն երբեք չէի անի, դա թուլացնում է դիրքերը եւ ռազմական եւ բանակցային առումով:  Գոնե տեղանքը իմացող մարդիկ, որոնք եղել են այնտեղ, տեսել են, որ այն, ինչ կորցրել ենք, կրկնակի ստրատեգիական նշանակություն ունի:  Մի կողմից մենք հայկական գյուղն էինք հսկում, մյուս կողմից՝ տեսնում ամբողջ ադրբեջանական մի շրջան: Այդ բոլորը փոխվել են. ադրբեջանցիները տեսնում են մեր գյուղերը, մենք ընդհանրապես չենք տեսնում ադրբեջանական դիրքերը»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանի խոսքով՝ իր ժամանակ խաղաղությունը պահպանվել է երկու պատճառով. հույս է եղել բանակցություններով հարցը լուծելու, եղել է ռազմական հավասարակշռություն ռազմաճակատում:

«Այդ երկուսն էլ խախտվել էին մինչեւ Ապրիլյան պատերազմը: Երկու տարի է՝ բանակցությունները փակուղու մեջ էին, իսկ ռազմական հավասարակշռությունը խախտվել էր ի օգուտ Ադրբեջանի: Այդ երկուսի համադրումը բերեց պատերազմին եւ դա բնական է, որ այդպես պետք էր լինել»,- ասաց նա՝ նշելով, որ բանակցությունները պետք է հնարավորինս շուտ դուրս բերել փակուղուց: