News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կիրակի երեկոյան, մինչ սրճարաններում մթնոլորտը թեժացնում էր Եվրո 2016–ի եզրափակիչ հանդիպումը, Երեւանի կենտրոնում թեժ էր՝ բառի բուն իմաստով. այրվում էր  Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքը։ Չնայած հորդառատ անձրեւին՝ հրշեջներին հաջողվեց կրակը մարել մեծ դժվարությամբ՝ 13 մարտական հաշվարկով։ Հրդեհը տեղայնացնելուն խանգարում էր նաեւ մայրաքաղաքոի ուժեղ քամին։  Մոտ 5 ժամ մոլեգնած կրակը ամբողջությամբ այրել էր 7–հարկանի շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը, եւ մասնավոր ընկերությանը պատկանող 9 աշխատասենյակ՝ ամբողջ գույքով։ Ինչն էր խոշոր հրդեհի պատճառը՝ ԱԻՆ–ը խոստանում է պատասխանել 10 օրվա ընթացքում:

Նախօրեին տեղացած հորդառատ անձրեւը, քամին եւ կարկուտը մեծ վնասներ են հասցրել եւ մայրաքաղաքում եւ մարզերում, քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր, վնասել էլեկտրալարերը, ջուրը լցվել է տները, կարկուտը՝ փչացրել բերքը։ Հատկապես մեծ է կարկուտի հասցրած վնասը Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում։ Ավելի քան 30 գյուղերում ամբողջությամբ ոչնչացվել է  պտղատու ծառերի եւ բանջարեղենի, նաեւ հացահատիկի ամբողջ բերքը։ Գյուղացիները շվարած են. տարեցներն ասում են՝ իրենց կյանքում առաջին անգամ է կարկուտը նման կործանարար հետեւանքներ ունենում։ Այսօր առավոտից գյուղացիները հավաքում են թափված ու աղբի վերածված բերքը եւ մտածում, թե ինչպես պետք է մարեն գյուղատնտեսական վարկերն ու պարտքերը։

Այսօր առավոտից տուժած համայնքներ են այցելել մարզպետները, նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ աղետի վնասները գնահատելու համար։ Գյուղացիները, սակայն, չեն հավատում, որ համարժեք փոխհատուցում կստանան։ Նրանք նաեւ հարց ունեն կառավարությանը՝ ինչու չեն աշխատել հակակարկտային կայանները եւ ինչու շատ համայնքներում այդպես էլ հակակարտային կայաններ չեն տեղադրվում։

Տհաճ անակնկալ՝ այս օրերի Աջարիայում հանգստացողների համար։ Բաթումում եւ Աջարիայի այլ համայնքներում հորդառատ անձրեւները ջրհեղեղի ու սելավի պատճառ են դարձել։ Ջրալցվել են քաղաքի փողոցները: Բաթումիի մունիցիպալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, փողոցներն ու ջրատար խողովակները մաքրվում են աղբից:

Սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել Ջավախքում։ Ախալքալաքի Վաչիան գյուղում  սեփական  տան մեջ սպանվել են հայ ընտանիքի չորս անդամները։ 37-ամյա Օֆելյան  եւ նրա երեք երեխաները` 7, 16, եւ 18 տարեկան Սերյոժան, Ասյան եւ Արմինեն:  Ընտանիքի հայրը Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի: Սպանությունից մի քանի օր անց Քաչոտյաններին  տանը մահացած է գտել հարեւանը։  Մորն ու աղջիկներին սպանել են բութ գործիքով, տղային՝ խեղդամահ  արել: Տանն ամեն ինչ տակնուվրա է եղել, տունը՝ ծխից մրոտված: Սպանվածների դիերը մասամբ այրված են եղել: Ենթադրվում է, որ հանցագործը հրդեհել է տունը` հետքերը թաքցնելու համար:  Ոստիկանությունը երկու հիմնական վարկած է դիտարկում՝ ավազակային հարձակում գողության նպատակով, քանի որ իմացել են, որ ընտանիքի հայրը Ռուսաստանից գումար է ուղարկել, եւ բռնաբարության փորձ։ Ամբողջ գյուղն ահաբեկված է: Հետաքրքիր է, որ ընտանիքի անդամները ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել, սակայն թանկարժեք զարդերին եւ փողին ձեռք չեն տվել: Հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ՝ 24–ամյա Նոդար անունով երիտասարդ, որն ազգությամբ հայ է։ Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այլ կասկածյալներ էլ կան, որոնց անունները չեն հրապարակվում։

Տավուշի մարզում մարտական դիրքում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։ 19–ամյա Տիգրան Մկրտչյանին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ վիրահատել են։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Երեւան։ Զինծառայողի վիճակը ծանր է, ունի բազմաթիվ վնասվածքներ, վնասվել է թոքը, լյարդը, երիկամը։

Բանակ զորակոչվելուց ընդամենը 6 օր անց զինծառայող Էդիկ Շահնազարյանը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, դատարան է ուղարկվել օրերս։ Զինծառայողի մահվան մեջ մեղադրվում է զորամասի հերթապահ բժիշկ Էդուարդ Թովմասյանը։ 37.5–ից բարձր ջերմություն ունեցող զինծառայողների հետազոտումը զորամասի բիժշկը պարտավոր է կազմակերպել հոսպիտալային պայմաններում։ Էդիկ Շահնազարյանը 39 աստիճան ջերմությամբ բուժկետ է դիմել, սակայն, միայն հաջորդ օրն է բժիշկը նրան տեղափոխվել «Վաղարշապատի» հիվանդանոց, որտեղ զինծառայողը 20 րոպե անց մահացել է։

Երեւանի կենտրոնում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Սայաթ-Նովա պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել են «BMW»–ն եւ «Mercedes»–ը, ինչի հետեւանքով «BMW»-ն կողաշրջվել է: Վարորդը՝ 29–ամյա Կարեն Սանթրոսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ օրերս 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը: 21–ամյա Նորիկը խոստովանական ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ հուլիսի 9–ի գիշերը սուպերմարկետի մոտ վիճաբանել է 21-ամյա Գոռի եւ Նելսոնի հետ ու դանակահարել նրանց։ Նրանց վիճակը բավարար է։

Շների որսը քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր Աբովյան քաղաքում։ Վաղ առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցը որսորդական հրացանով կրակել է շանը, սակայն փամփուշտի կոտորակը դիպել է փողոցով պատահական անցնող կնոջ ճակատին եւ վնասել նրան: Կատարվածի առնչությամբ քննություն է ընթանում։

Էրդողանը փորձել է շանտաժի ենթարկել Անգելա Մերկելին։ Վարշավայում Գերմանիաի կանցլերի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն ասել է, որ գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, որ համաձայն չէ խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հետ։ Մերկելը մերժել է Էրդողանին. Բունդեսթագի որոշման դեմ կառավարությունը հայտարարություն չի անի՝ ասել է նա։

Գերմանիայում վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է ռուսախոս մաֆիան՝ հայտարարել է երկրի Քրեական գործերով ազգային վարչության պետը։ Նրա խոսքով՝ այդ հանցագործները Գերմանիային հասցնում են միլիարդավոր եվրոների տնտեսական վնաս։ Գերմանական բանտերի բանտարկյալների 80 տոկոսը ռուսախոսներ են, խոսքը Ռուսաստանից, Աբխազիայից, Կովկասից, Թուրքմենիայից եւ նախկին Խորհրդային միության այլ երկրներից եկածների մասին է։

Իսպանիայում կորիդայի ժամանակ մահացել է հայտնի ցլամարտիկ Վիկտոր Բարիոն։ Սա երեսում տարվա ընթացքում ցլամարտիկի մահվան առաջին դեպքն է Իսպանիայում։ Ցլամարտը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ: Կենդանին 29-ամյա տղամարդուն օդ է նետել եւ կոտոշներով ծակել նրա կրծքավանդակը: Իսպանիայի Պամպլոնա քաղաքում այս օրերին անցկացվող ավանդական ցլավազում, բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Ցլերի հետ մրցավազքում 19 մարդ է տուժել, նրանցից երկուսը լուրջ վիրավորում են ստացել։

Հուլիսի 10-ին Երեւանում պաշտոնապես բացվել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը։ Կեսօրին  Սուրբ Զորավոր եկեղեցում կայացել է Ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, իսկ արդեն երեկոյան տեղի է ունեցել կարմիր գորգի միջոցառումը։ Փառատոնի գլխավոր իրադարձությունը լինելու է հատուկ հյուրի՝ բրևիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթի ժամանումը։

Ավարտվեց Եվրո 2016–ը, որի եզրափակիչ՝ Ֆրանսիա–Պորտուգալիա հանդիպումը բավական դրամատիկ ստացվեց։ Նախ շոուն ապահովեց Կրիշտիանու Ռոնալդուն, որն առաջին րոպեներին վնասվածք ստացավ եւ մի քանի անգամ խաղադաշտ վերադարձավ, սակայն ի վերջո ստիպված էր պատգարակով լքել խաղադաշտը՝ արցունք աչքերին։ Առաջատարին կորցնելը չխանգարեց Պորտուգալիային հաղթել եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում՝ զրկելով ֆրանսիացիներին տանը չեմպիոն հռչակվելու հնարավորությունից եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ավարտված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Հանդիպումից առաջ արդեն Փարիզում անկագություններ էին սկսվել, ֆանատներն ավտոմեքենաներ էին այրել, ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել:

Դոլարը մի քիչ թանկացել է, ռուբլին՝ անփոփոխ մնացել, եվրոն ու ֆունտը՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.43, եվրոյինը՝ ֆունտինը՝ 614  դրամ: 

Այսօր Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության վերջին օրն է: Տեղումները կդադարեն, եւ օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Հուլիսի 15-16-ը առավել շոգ կլինեն:  Իսկ վաղը՝ հուլիսի 12-ին  Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ