Հայաստան- Վրաստան սահմանագոտում այսօր՝ հուլիսի 12-ին, գրանցված երկրաշարժի ժամանակ Հանրապետության տարբեր քաղաքներում մարդիկ վախեցել են եւ դուրս եկել տներից:

Բարձրահարկ շենքերում ապրող մարդիկ, տեսնելով թե ինչպես է ցնցվում տան կահույքը, անմիջապես դուրս են եկել տներից եւ սպասել բակերում:

Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավելի շատ վախեցել են վթարային շենքերում բնակվողները:

«Մտածեցինք, որ սա էն վերջին ցնցումն ա, որ զգում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել են բնակիչները:

Վանաձորցիները շեշտում են, թե նմանատիպ ուժեղ ցնցում զգացել էին նաեւ երկու տարի առաջ, երբ նրանք առաջին անհրաժեշտության իրերը վերցրել ու դուրս էին եկել տներից: 

Երկրաշարժը զգացվել է նաեւ Գյումրիում՝ 4 բալ, հատկապես Անի թաղամասում, որտեղ բարձրահարկ շենքեր կան:

«Մոտ 10 վայրկյան տեւեց երկրաշարժը, տան կահույքը ցնցվում էր: Զգացի, որ ինչ որ բան կշարժվի, գլուխս պտտվեց, նայեցի՝ լյուստրան շարժվում է, պատուհանները դղրդում են, հիշեցի 88-ի երկրաշարժը, նույն ձեւի էր եղել... արագ դուրս եմ եկել տնից, հարեւաններիս էլ ձայն տվել, թե երկրաշարժ ա, տներից դուրս եկեք»,- ասել է թաղամասի բնակիչներից Անահիտ Հարությունյանը:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հրազդանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երկրաշարժը հատկապես շատ ուժեղ է զգացվել բազմաբնակարան շենքերի բարձր հարկերում: Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշել է, թե կարծես նավով լողալիս լիներ:

«Պատկերացրեք՝ էնքան ուժեղ է եղել, որ վախից դուրս ենք եկել, մեր առաջին հարկերում էդքան չէ, ինչքան վերեւի հարկում: Ես 5-րդ հարկում եմ բնակվում, պատերը նենց ճռճռացին, ես ասեցի վերջ ու դուրս եկանք բակ»,-պատմեցին բնակիչները:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 14:14-ին, Հայաստան- Վրաստան սահմանային գոտում՝ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս- արեւելք: Այն գրանցվել է 4,7 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում այն զգացվել է 6-7 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են խուճապի չմատնվել, իրավիճակը վերահսկվում է: