News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բուհերի ընդունելության ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին: Այս մասին նշվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ եւ սահուն կազմակերպելու համար:

Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2016 թվականի ընդունելության արդյունքները: Մասնավորապես, նա անդրադարձել  է նիստի օրակարգում ընդգրկված հարցերին՝ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106 եւ 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի (2 բժշկական եւ 4 մանկավարժական) մրցույթի անցկացում եւ հաստատում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում եւ ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, պահուստային թափուր տեղերի վերաբաշխում, մրցութային տեղերի ամփոփում եւ հասատատում, ինչպես նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում:

Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր եւ  լրացուցիչ տեղերի  բաշխմանը՝ Ռոբերտ Սուքիասյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես, անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները եւ ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ ընդհանուր թվով՝ 27, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած 23 եւ մանկուց հաշմանդամություն եւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող 40 դիմորդներ վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնության 16, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 14 մրցանակակիրներ: Որոշվել է բուհերում առկա թափուր տեղերը վերաբաշխել  հավասար միավորներ ունեցող  դիմորդների միջեւ՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա եւս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Անդրադարձ   կատարելով    ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 15-ին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է նաեւ ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ