News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից 30 կմ հեռու՝ հարավարեւելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմը ուղղաթիռների եւ ինքնաթիռների կիրառմամբ անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ։ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարզական թռիչքները եւ աչալուրջ հետեւում դրանց գործողություններին։

Վովա Վարդանովը Լեռնային Ղարաբաղում կրակոցների ինտենսիվացում է սպասում սեպտեմբեր–հոկտեմբերին։ Նախկին հետախույզն իր այս կանխատեսումը հիմնավորում է խոնավ եղանակով։ Վարդանովը նաեւ ասել է, որ հայկական բանակը կարիք ունի լեռնային հրաձիգների։ Այս տեսակի զորքերը շատ կարեւոր են մեր լեռնային տեղանքի համար։ Մեր պայմաններում լեռնահրաձգային ջոկատն անգամ 10 հոգով կարող է առանց լուրջ կորուստների դիմագրավել տասնյակ անգամ գերազանցող ուժերի՝ ասել է նախկին հետախույզը՝ հույս հայտնելով, որ ռազմական կրթության այս բացը շուտով կլրացվի։

«Հանրապետական» կուսակցության համար կարեւորն այն է, որ Սամվել Բալասանյանին գյումրեցիները սիրում են, ոչ թե նրա կուսակցական լինել կամ չլինելը՝ հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է «Հանրապետականը» որոշել հոկտեմբերի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել նախկին ԲՀԿ–ականին, որը չի ցանկանում անդամակցել իշխող կուսակցությանը։  Աշոտյանը կարծում է, որ պետք չէ կենտրոնանալ Բալասանյանի նախկին կուսակցությունների՝ ԲՀԿ–ի եւ ՕԵԿ–ի վրա։ ՀՀԿ փոխնախագահի այս հայտարարությունից ԲՀԿ-ականները նեղվել են։ Կուսակցության խոսնակը րոպեներ անց «Ֆեյսբուքում» պատասխանել է Աշոտյանին։ «Քաղաքապետը ոչ անտիկվարիատ է, ոչ Պիկասոյի կտավ, եւ ոչ էլ Ֆաբեռժեի ձու, որ որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»,– գրել է նա։

Ջավախքի Վաչիան գյուղում հուլիսի 13-ին հողին են հանձնել սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին:  37-ամյա Օֆելյային, 13-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյին հողին են հանձնել հայրենի գյուղի գերեզմանատանը: Հիշեցնենք, որ Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն  գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: NEWS.am–ի թղթակիցը զրուցել է Վաչիանի բնակիչների հետ ու պարզել, որ սպանվածների մարմինները տանը հայտնաբերել են Օֆելյայի ծնողները։ Գյուղում խոսակցություններ կան, որ սպանության պահին Նոդարը եղել է թմրանյութի ազդեցության տակ: Նա իմացել է, որ ընտանիքի հայրը Ռուսաստանից գումար է ուղարկել եւ մտել է Քաչոտյանների տուն` գողության նպատակով:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Շենգավիթի առաջին ատյանի դատարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավարական իրավունքները, քանի որ հենց նա է ժամանակին մեղմ պատիժ սահմանել կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ։ Եթե նրա պատիժը համարժեք լիներ եւ նա ազատության մեջ չլիներ, ըստ ակտիվիստների, հնարավոր է՝ կանխվեր կացնով հարձակումը նախկին կնոջ ընտանիքի վրա, որի հետեւանքով Վլադիկի նախկին զոքանչը մահացել էր։

Ավելի ուշ ակտիվիստները կնոջ հիշատակին մոմավառություն է անցկացրել նրա բնակարանի դռան մոտ։ Ակցիայի մասնակիցները պատին գրություններ են թողել՝ հասարակությանը  կոչ անելով անտարբեր չլինել ընտանեկան բռնության նկատմամբ։

Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից: Նման տվյաներ է հրապարակել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Ընդ որում՝ կազմակերպությունը նշում է, որ սա պաշտոնական տվյալ է, մինչդեռ կան բազմաթիվ դեպքեր, որոնք չեն բարձրաձայնվում, կամ քննիչների կողմից որակվում են որպես ինքնասպանություն եւ դժբախտ պատահար։

Ջրվեժի տներից մեկում երիտասարդ բնակչի դին է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նախնական տեղեկություններով, 35-ամյա երիտասարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։

Բուհերի ընդունելության ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին: Այս մասին տեղեկացնում է Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը։

Մեծ Բրիտանիան այսօրվանից նոր վարչապետ ունի՝ երկրորդ կին–վարչապետը Մարգարեթ Թետչերից հետո։ Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեից հետո հրաժարական տված Դեւիդ Քեմերոնն այսօր իր հրաժարականի դիմումը ներկայացրել է թագուհուն եւ լքել Դաունինգ սթրիթը։ Մինչեւ այդ նա խորհրդարանում իր վերջին ելույթում Թերեզա Մեյին կոչ է արել Մեծ Բրիտանիային հնարավորինս մոտ պահել Եվրամիությանը եւ խոստովանել, որ ամենաշատը կարոտելու է վարչապետի նստավայրի կատվին։ Նշենք, որ 59–ամյա Թերեզա Մեյը նախկինում զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նա հասարակությանը հայտնի է առավելապես գեղեցիկ կոշիկների նկատմամբ իր թուլությամբ։

«Վայրի խոլորձ» ֆիլմից հայտնի բրիտանացի դերասանուհի Ժակլին Բիսեթն այս գիշեր ժամանել է Երեւան: Նա այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է: Հենց օդանավակայանում Ժակլինը Բիսեթը փորձել է հայկական ծիրան եւ NEWS.am–ի թղթակցի հետ կիսվել իր տպավորություններով։

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը շարունակում է զարմացնել իր էքսցենտրիկ պահվածքով։ Տեխասում զոհված ոստիկանների հոգեհանգստի ժամանակ, երբ հնչել է «Հանրապետության մարտական հիմնը», նա պարել է։ Նրա պահվածքը անհարմար դրության մեջ է դրել առաջին տիկին Միշել Օբամային, որը բռնել էր նախկին նախագահի ձեռքը։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մարզումներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Անգլիայի 20-ակի չեմպիոնի կայքը ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյի թիմի հերթական մարզման ֆոտոռեպորտաժը։

Այսօր թուլացել է միայն եվրոն, դոլարը, ռուբլին ու ֆունտը ամրապնդվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.47, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝633 դրամ: 

Առաջիկա գիշերը Երեւանում սպասվում է +16+18, իսկ վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն։ Տեղումներ չեն լինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ