Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած «Սասնա ծռեր» խմբի հեռախոսակապերն անջատված են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Հեռախոսակապերն անջատված են, այս պահին ավելին չեմ ասի, դա գնահատում եմ բանակցությունների շարունակման առումով ոչ նպաստավոր քայլ, ավելին չեմ ասում, մինչեւ վերջնական հավաստիացում չեմ ստանա պատկան մարմիններից։ Երկուշաբթի օրը սկսել են բանակցությունները, երեկ շարունակվել է եւ ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին»,-ասել է Ենիգոմշյանը՝ չմանրամասնելով, թե ինչ պահանջի մասին է խոսքը. «Երեկ հանդիպել եմ ե՛ւ Ժիրայր Սեֆիլյանի, ե՛ւ «Սասնա ծռեր» խմբի, ե՛ւ ԱԱԾ պատասխանատուների հետ, փոխանցել եմ ԱԱԾ պատասխանատուների պահանջ-առաջարկը «Սասնա ծռերին»:
Ալեք Ենիգոմշյանը եւս մեկ անգամ հաստատել է,որ այս բանակցություններին մաս է կազմում նաեւ Ժիրայր Սեֆիլյանը։
Այս հայտարարությունից կես ժամ անց Ենիգոմշյանը նորից վերադարձել է Խորենացի փողոց եւ հայտարարել. «Այս ընթացքում համապատասխան կողմից ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն, որի համար գոհ եմ: Եթե բանակցությունները խզված չեն, ակնկալվում է, որ երկու կողմերից լարվածություն ավելացնող քայլեր չլինեն: Ես ուզում եմ հավատալ, որ բանակցությունները խզված չեն, ուստի պետք է սրման չգնալ: Սպասում եմ, որ տղաների հեռախոսային կապը վերականգնվի»:
Նա ընդգծեց, որ խոսել է ԱԱԾ ներկայացուցիչների հետ:





























