News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանում դեռեւս չի հանգուցալուծվել հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից  պարեկա- պահակային գունդը գրավելուց հետո ստեղծված իրավիճակը: Երրորդ օրն է՝ քաղաքացիները երեկոյան ժամը 18:30-ից հավաքվում են Խորենացի փողոցում՝ պահանջելով իշխանություններից հարցը կարգավորել բանակցությունների միջոցով: Երեկ մոտ 2 ժամ խաղաղության կոչեր հնչեցնելուց հետո իրավիճակը կտրուկ սրվեց, երբ հավաքված ցուցարարները կրակոցի ձայներ լսեցին, իսկ րոպեներ անց էլ «Շտապօգնության» երկու մեքենա լուսարձակները միացրած դուրս եկավ տարածքից: Մեքենաները մի կերպ հեռացան Խորենացի փողոցից, քանի որ ցուցարարները վստահ էին՝ իրավապահ մարմինները գրոհել են «Սասնա ծռեր» խմբի վրա եւ կան վիրավորներ: Ավելի ուշ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հեռախոսազանգով հանգստացրեց հավաքվածներին՝ հայտնելով, որ իրենք օդ են կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների:

Ժամեր անց միայն պարզ դարձավ, որ այդ ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել սարիթաղցիների եւ ոստիկանների միջեւ: 3 օր ջրից, էլեկտրականությունից եւ գազից զրկված բնակիչների համբերության բաժակը լցվել էր եւ պահանջում էին ոստիկաններից վերականգնել իրենց բնականոն կյանքը եւ բացել իրենց ճանապարհը: Ոստիկանները հրաժարվել էին կատարել պահանջը, որից էլ քաշքշուկ էր սկսվել, ապա բախում էր տեղի ունեցել. քաղաքացիները քարերով հարվածել էին ոստիկաններին: Միջադեպի հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել 6 ոստիկան եւ 2 բնակիչ: Նրանք առաջին բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Սարի թաղի բնակիչներից մեկը ձերբակալված է:

Երեւանի քաղաքապետարանը լուծել է սարիթաղցիների տրանսպորտի խնդիրը:

Սարի թաղի միջադեպից հետո ոչ մի դեպք չի գրանցվել:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր կեսօրին տարածեց հերթական հաղորդագրությունը:

«Իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերի միջեւ բանակցությունները շարունակվում են:

Ոստիկանության լրատվական ծառայության հրավիրած մամուլի ասուլիսին ներկայացել են «Զինված խմբի» անդամներից մի քանիսի ծնողները, որոնք խնդրում են Պավել Մանուկյանին վերադարձնել իրենց որդիներին:

Կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համախոհ Խաչատուր Գիչյանը, որին պատկանող բեռնատար մեքենայով «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին մտել է զորամաս:  Նախօրեին էլ ձերբակալվել է Կարո Եղնուկյանը: Իրավապահ մարմինները պնդում են՝ նրանք աջակցել են զինված խմբին:

Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է պաշտոնական Վաշինգտոնը: Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, թե իրենք դատապարտում են բռնության միջոցով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու փորձերը եւ երկրի իշխանություններին կոչ անում զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակին լուծում տալու համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ քաղաքական խնդիրներ լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, փոփոխությունները պետք է իրականացվեն ժողովրդավարական ճանապարհով:

Ավելի վաղ եղել էր նաեւ պաշտոնական Կրեմլի արձագանքը: Պուտինի մամուլի քարտուղարը որեւէ կապ չէր տեսել Թուրքիայում, Հայաստանում ու Ղազախստանում կատարված իրադարձությունների միջեւ: 

«Մի դեպքում խոսքն ուժային մեթոդներով պետական հեղաշրջում անելու փորձի մասին է, մյուս դեպքում՝ զանազան քրեական դրսեւորումների»,- ասել էր Դմիտրի Պեսկովը:

Մի խումբ հայտնի մտավորականներ բաց նամակով դիմել են Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:

«Վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»,- ասվում է նամակի մեջ:

Կիեւում մեքենայի պայթյունի հետեւանքով երեկ զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: «Ուկրաինսկայա պրավդայի» լրագրողը պայթել է պարբերականի ղեկավարին պատկանող մեքենայի մեջ: Ի սկզբանե, իրավապահները հայտարարեցին՝ Շերեմետին դիտավորյալ սպանել են: Բելառուսցի լրագրողը հայտնի էր իր սուր քննադատական հոդվածներով՝ կաշառակերությունից մինչեւ ուժայինների չարաշահումներ։ Շատերը կարծում են՝ հենց այդ պատճառով է նա սպանվել: Ներքին գործերի նախարարը չի բացառում նաեւ «ռուսական հետքը»: Կատարվում է քննություն:

Խորթ հորը սպանելու մեջ մեղադրվող գյումրեցի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի պատիժն այսօր Վերաքննիչ դատարանը խոստացրել է՝ սահմանելով 8 տարվա ազատազրկում, մինչդեռ առաջին ատյանը տվել էր ընդամենը 4 տարի: Բաքոյանին եւ նրա պաշտպանին այս վճիռը զարմացրել է, նրանք մտադիր են վճռաբեկ բողոք ներկայացնել: Մեղադրող կողմը գոհ է որոշումից: Եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը երեք տարի առաջ Թուրքիայում սպանել էր քուրդ ամուսնու եղբայրը: Մեկ տարի անց արդեն Գյումրիում վեճի ժամանակ Մաքսիմը վրեժխնդիր էր եղել խորթ հորից, երբ իմացել էր, որ հենց նրա հրահանգով է սպանվել մայրը:

Այս գիշեր Վանաձորում հայր ու դուստր են թունավորվել սնկից: Նառա եւ Գառնիկ Ավետյանների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ կերել են անտառից հավաքած սունկը: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել անգիտակից վիճակում: Ավետյանների վիճակը շարունակում է ծանր մնալ:

«Արեւիկ» ազգային պարկի տարածքում հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է միայն այսօր առավոտյան: 7 օր շարունակ Սյունիքի մարզի փրկարարները, հրշեջներն ու զինծառայողները փորձում էին մարել կրակը, որն ընդգրկում էր ավելի քան 200 հա տարածք: Միայն այսօր առավոտյան են նրանք կարողացել մարել կրակը: Ըստ պատասխանատուների, այսքան երկար ձգձգվեց մարման աշխատանքները, քանի որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում։

Դոլարը մի քիչ թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել, իսկ ֆունտը անփոփոխ է մնացել: Եվ այսպես դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 476, ռուբլունը՝ 7.53, եվրոյինը՝ 524,  ֆունտինը՝ 628 դրամ: 

Վաղը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց հուլիսի 23-ին եւ 24-ին կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է +22+24, իսկ վաղը ցերեկը +38+39 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ