News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու 10-րդ օրը լարված է անցել. գնդի տարածքի մոտ այս գիշեր ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբի երկու անդամներ: Տեղի ունեցածի վերաբերյալ առավոտյան հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը». տարածքին հարակից ոստիկանական պատնեշից «Սասնա ծռեր» խմբի վրա կրակ են բացել, ինչի հետեւանքով են խմբի անդամները վիրավորվել: Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց եւ ներկայացրեց կատարվածի մասին իր վարկածը. ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության ավտոմեքենա ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից իրական վտանգը կանխելու համար իրավապահ մարմինները կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ:

Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը միջին ծանրության է: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամների միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունն է հրապարակել՝ փորձելով ապացուցել ոստիկանության տարածած վարկածը:

«Նոր հանցանքների կատարումը կանխելու եւ խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն  այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Մինչ ԱԱԾ-ն կոչով զինված խմբի անդամներին է դիմում, ոստիկանությունն էլ նախազգուշացնում է ցուցարարներին փոխել հավաքի վայրը, հակառակ դեպքում, օրենքով սահմանված կարգով կդադարեցնի այդ հավաքը: Ցուցարարները կարծում են՝ ոստիկանությունն այս հայտարարությունն արել է իրավիճակը սրելու համար:

Խորենացի փողոցում արդեն տասն օր ցույց անցկացնող քաղաքացիները երեկ առաջին անգամ հավաքից բացի նաեւ երթ անցկացրին՝ այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով «Սասնա ծռերի» անդամներին եւ կոչ անելով իշխանություններին լուծել սննդի խնդիրն ու թույլ չտալ արյունահեղություն:

Այսօր առավոտյան մինչ ցուցարարները փորձում էին իրենց հավաքած սնունդը փոխանցեց զինված խմբի անդամներին, «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց, որ վաղ առավոտյան քաղաքացի Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել տարածքի մուտքի մոտ: Նրա վրա կրակ են բացել, բայց Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Ոստիկանության լրատվական ծառայությունն այս առնչությամբ որեւէ պարզաբանում չտվեց, սակայն, Խորենացիում հերթապահություն իրականացնող ոստիկանները պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ մյուս ցուցարարներին վստահեցրին՝ սննդի հարցը լուծված է: 

Արցախում հակառակորդի կրակոցից զոհված Արսեն Առաքելյանը «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի սան էր: 19-ամյա զինծառայողը Վանաձոր քաղաքից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր 2 քույր եւ 1 եղբայր ունի: Առաքելյանները սոցիալապես անապահով են, ընտանիքի հայրը 2 տարի առաջ դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: 11-ամյա երեխան խեղդվել է ամառանոցային տնակներից մեկի մոտ գտնվող լողավազանում: Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հայաստանցին է խեղդվել Սեւ ծովում: Հանգստանալու նպատակով Քոբուլեթի մեկնած 66-ամյա Արամ Աբրահամյանը չպարզված հանգամանքներում ջրահեղձվել է այսօր վաղ առավոտյան: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին էլ Աջարիայում խեղդվել էր  40-ամյա Մովսես Առաքելյանը:

Ֆրանսիայի Ռուան քաղաքում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել: Դանակներով զինված երկու երիտասարդ մտել են տեղի եկեղեցի եւ պատանդ վերցրել հոգեւորականին, երկու միանձնուհիների եւ 2 ծխականի: Հոգեւորականը սպանվել է, եւս մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործներին:

Դեպքի վայր է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա հայտարարել է, որ եկեղեցու վրա հարձակումն ամենայն հավականությամբ կապ ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:  Ավելի ուշ, ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ սա Ֆրանսիայում այս ամսվա ընթացքում երկրորդ ահաբեկչությունն է: Հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվել էր 84 մարդ:

Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ու ֆունտը՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.23, եվրոյինը՝ 524, ֆունտինը՝ 624 դրամ: 

Երեւանում հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ