ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գարիկ Մանվելյանի սպանության դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է եւ ձերբակալվել։

2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա Գ. Մանվելյանը։ Վերջինս, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Գ. Մանվելյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի  շենքերից մեկի 5-րդ հարկի աստիճանահարթակում հարեւանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Հարեւանը հայտնաբերվել է եւ ձերբակալվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: