News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» զինված խումբն արդեն 12 օր զավթած է պահում Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության պարեկապահակային գունդը։ 10 օր է՝ մայրաքաղաքում բողոքի ակցիաներ, երթեր, հանրահավաքներ են ընթանում, սակայն խմբին աջակցություն հայտնած քաղաքական ուժերը, հայտնի կամ նորահայտ գործիչներն այդպես էլ չեն կարողանում հստակ անելիքների օրակարգ ներկայացնել, իսկ նրանց միջեւ տարաձայնությունները գնալով ակնհայտ են դառնում։ Զինված խմբի հենք հանդիսացող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մեծ մասը ձերբակալված է, մի քանիսն էլ ընդհատակ են անցել, ինչն ավելի է բարդացնում գնդից դուրս բողոքական հատվածի գործողությունների համակարգումը։

Բողոքի ակցիաները Երեւանում մեկնարկել էին գունդը գրավելուց երկու օր անց: Գործընթացներն իր ձեռքը վերցնելու եւ դրանք քաղաքական հունով տանելու փորձ էր արել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն արժանացել էր զինված խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի քննադատությանը։ Հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Խորենացի փողոցում անելիք չունի այնտեղ հնչած հայտարարություններից հետո։ Մեկ օր անց նա կրկին Խորենացիում էր եւ ջանքեր էր գործադրում բախումներից խուսափելու համար։ Նա վերջնականապես հարթակից հեռացավ, երբ Պավլիկ Մանուկյանը հայհոյանքներ էր հնչեցրել նրա հասցեին, իսկ հուլիսի 23-ին էլ Ալեք Ենիգոմշյանն վերցրեց խոսափողը հրապարակայնորեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինքը հեռանում է, քանի որ տարաձայնություններ ունի նախաձեռնող խմբի հետ։

Գունդը գրավելուց մոտ մեկ շաբաթ անց Խորենացի փողոցում հայտնվեցին Վարդան Օսկանյանն ու իր կողմնակիցները, որոնք մինչեւ այդ միայն հերթապահ հայտարարություններ էին անում։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ու զինված խմբին աջակցողները ստեղծեցին հակաճգնաժամային նախաձեռնող խումբ. այն այնքան խայտաբղետ էր, որ նույնիսկ չէին կարողանում պայմանավորվել, երբեմն իրենց զսպել չէին կարողանում անգամ հարթակում եւ բարձրախոսի մոտ միմյանց էին անվանարկում եւ հրմշտում։

Հուլիսի 27-ին նախաձեռնող այդ խումբը եւս «գլխատվեց», Ալեք Ենիգոմշյանը եւ խմբի այլ անդամներ ձերբակալվեցին, իսկ երեկոյան Ազատության հրապարակում հավաքված բազմությունը հեռացրեց նախկին ԱԺՄ-ական Ալբերտ Բաղդասարյանին եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին։ Ցուցարարները՝ մինչ այդ պահն անհայտ երիտասարդների գլխավորությամբ, հասան Խորենացի փողոց։ Այնտեղ «Հիմնադիր խորհրդարանի»  անդամ Հարություն Աղլամազյանը փորձեց իր ձեռքը վերցնել արմատական բազմության ղեկավարումը, սակայն նրա ձեռքից բարձրախոսը ինչ-որ անձինք պարզապես խլեցին: Նախ հայտարարվեց, որ նստացույց են անում, կարճ ժամանակ անց նույն մարդիկ հավաքվածներին տուն ուղարկեցին:

Այսօր քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կրկին կոչ արեց հավաքվել Ազատության հրապարակում, սակայն  նշեց՝ դեռ պարզ չէ` դեպի Խորենացի փողոց երթ կլինի, թե ոչ:

Նախորդ երկու օրերին զանգվածաբար բերման էին ենթարկում Խորենացի փողոց եկող յուրաքանչյուր քաղաքացու: Բերման ենթարկվածների մեջ էին ոչ միայն նախաձեռնող խմբի անդամներից Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Մկրտչյան, Թամար Հովհաննիսյանը, Եղիշե Պետրոսյանը, այլեւ սովորական քաղաքացիներ, պարզապես անցորդներ, որոնց մեջ կային տարեց կանայք: Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, որը Հայաստանում է ֆիլմ նկարահանելու նպատակով: Թեեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց,  թե ում են բերման ենթարկում, ոստիկաններն անհաղորդ մնացին: Արսինե Խանջյանի բերման ենթարկվելու լուրը միջազգային սկանդալ դարձավ: Գիշերվանից միջազգային լրատվամիջոցները հարցազրույցներ են անում աշխարհահռչակ դերասանուհու հետ:

Ոստիկանների գործողությունները դատապարտող հայտարարություն քաղաքական, հասարակական գործիչներն էլ են անում:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանին եւ նրա որդուն նախօրեին մեղադրանք առաջադրվեց: Կրտսեր Մանուկյանը տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ հայրը մնաց քաղաքացիական հիվանդանոցում, նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չընտրվեց: Նրա վիճակն արդեն կայուն է, ինքնուրույն շնչում է:

Բացի Արամ Մանուկյանից այս պահի դրությամբ կալանքի տակ են գտնվում նաեւ Հովհաննես Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Ազգային անվտանգության ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Հատուկ քննչական ծառայությունում էլ գործեր են քննվում ցուցարարների գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում նախօրեին ձերբակալվել է Ալեք Ենիգոմշյանը: Նա կասկածվում է զինված խմբին օժանդակելու մեջ: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածների պահման վայրի պայմանները հաշմանդամություն ունեցող Ենիգոմշյանի համար անթույլատրելի են: Իրավապահ մարմինները, սակայն, պնդում են՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են:

Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը կույր է եւ զրկված մի ձեռքից:

Քննչական կոմիտեում էլ քննվում է հուլիսի 19-ին Սարի թաղում եւ հաջորդ օրը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Այս գործով մեկ տասնյակից ավելի մարդ է կալանավորվել:

Հատուկ քննչական ծառայությունն էլ քննում է այդ օրերին ոստիկանության անհամաչափ գործողությունները: Գործով ձերբակալված անձ չկա:

Երեւանում 28-ամյա ծննդկան է մահացել: Հուլիսի 26-ին Տաթեւիկ Գասպարյանը կեսարյան հատումով երեխա է ունեցել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Երբ մյուս օրը վաղ առավոտյան ծննդկանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 5 ժամ անց գիտակցության չգալով մահացել է: Թե որն է եղել ծննդկանի մահվան պատճառը, պարզ չէ. երկու բժշկական կենտրոնների պատասխանատուները իրար վրա են բարդում եւ ոչինչ չեն հայտնում: Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հորդորում է սպասել փորձաքննության եզրակացությանը: Միեւնույն ժամանակ նախարարը հանձնաժողով է ստեղծել՝ վեր հանելու ԲԿ-ի բժշկական օգնության թերությունները եւ ներկայացնելու առաջարկություններ:

Ալավերդիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել: «Քարհանքեր» կոչվող տարածքում հսկայական քարն ընկել է 11-ամյա երեխայի գլխին եւ նա տեղում մահացել է: Նախնական տվյալով, աղջնակն այնտեղ էր գնացել մոշ հավաքելու:

Չարենցավանում հարեւանների միջեւ վեճն ավարտվել է սպանությամբ: Նախօրեին քաղաքի շենքերից մեկի 5-րդ հարկում վեճի են բռնվել 31-ամյա Գարիկ Մանվելյանն ու 28-ամյա Կարեն Հունանյանը: Վերջինը դանակով հարվածել է Մանվելյանին եւ դիմել փախուստի: Հիվանդանոց տեղափոխված 31-ամյա Գարիկ Մանվելյանը գիտակցության չգալով մահացել է: Կարեն Հունանյանին ոստիկանները հայտնաբերել են Սեւանի հանգստյան տներից մեկից եւ բերման ենթարկել: Քննություն է կատարվում:

Լվովում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպը վերջապես հարթվեց: Ադրբեջանցիները հետ են վերցրել իրենց բողոքները, դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ Լվովում ապրող հայերի եւ ադրբեջանցիների հարաբերությունները լարվել էին, երբ Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ մարտից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը հարձակվել էր հաղթած արցախցի մարզիկի վրա, իսկ նրա մարզիչները մահակներով փորձել էին հաշվեհարդար տեսնել Հայաստանի պատվիրակության անդամների նկատմամբ:

Հռոմի Պապի լեհաստանյան այցն իր վրա է սեւեռել լրատվամիջոցների եւ հանրության ուշադրությունը: Այցի երրորդ օրը տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Ֆրանցիսկոս Պապն ուշագնաց լինում պատարագի ժամանակ: Նրան անմիջապես օգնության են հասել հոգեւորականները: Րոպեներ անց Հռոմի Պապն ուշքի է եկել եւ ելույթ ունեցել հավատացյալների առջեւ:

Թուրքիայում հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման փորձը հնարավորություն տվեց նախագահ Էրդողանին հանգիստ փակել իր համար անցանկալի 130 լրատվամիջոց։ Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո իշխանությունները փակել են Cihan, Muhabir եւ SEM լրատվական գործակալությունները,  16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ, 29 հրատարակչատուն։ Միեւնույն ժամանակ իշխանություններն արդեն 2 շաբաթ անելանելի վիճակում են հայտնվել. ռազմական բոլոր օդաչուները կալանքի տակ են:

Դոլարի, եվրոյի ու ֆունտի փոխարժեքներն այսօր աճել են: http://news.am/arm/news/339384.html Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.18, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 627 դրամ:

Հուլիսի 29-ին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ