Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից այսօր՝ հուլիսի 31-ին, դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գեւորգ Մելքոնյանը:
Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ նրանք պատմում են այնտեղ հայտնվելու եւ հեռանալու հանգամանքների մասին:
«Ընկերներիցս մեկի ծնունդն էր հաջորդ օրը, ասինք` լավ նստենք, 12-ից հետո ծնունդը դիմավորենք: Ծնունդը դիմավորեցինք, էդ ընթացքում մեր Արթուրի հետ մոտ շփում ուներ Կարենը, եկավ ասաց` տղերք, ուզում ենք գնալ ցույցի։ Նստինք ավտոն եկանք, ես ճամփին քնած եմ եղել, չեմ իմացել ոնց ենք եկել: Հետո ավտոյի դուռը որ բացվավ, ասին` վազեք, վազեք, ցույց ենք անում, որ հրավառություն եղավ, ասինք` ցույց է: Հետո որ կրակոցներ եղան, ուզեցանք փախնել, չկարացանք` առաջ վազեցինք: Հետո շներ կային չկարողացանք ու մտանք շենքը, ոչ մի բան չենք իմացել, ոչ մի բանից տեղյակ չենք եղել»,-պատմել է «Սասնա ծռերի» անդամներից մեկը:
Նա նշել է, որ այս օրերի ընթացքում վախեցել է կրակոցներից, այդ պատճառով էլ դուրս չի եկել ոստիկանության ՊՊԾ տարածքից. «Վախենում էին` կրակեն, մեռնենք, ինչի համար մեռնենք, որ բանից անտեղյակ եկել ընկել ենք էս բանի մեջ»:
Նա նշել է, որ փորձել է դուրս գալ ՊՊԾ տարածքից` մի անգամ մոտեցել է «Շտապօգնության» մեքենային, ասել է, որ վատ է զգում իրեն, սակայն, չի կարողացել դուրս գալ: Նա նշել է, որ ոստիկանության ՊՊԾ տարածքում կան եւս «Սասնա ծռերի» երեք անդամներ, որոնք ցանկանում են դուրս գալ:











