News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի կողմից զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու հաջորդ օրը առավոտյան Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան:  Տարածքից հեռացվել են նաեւ բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք: Այդուհանդերձ, Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է երթեւեկության համար, տարածքը հսկում են ոստիկանները։

Այս պահին «Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ: ԱԱԾ–ն գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Զանգվածային անկարգությունների գործը եւս գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ։

Երկշաբաթյա զինված դիմակայությանն այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանը։ Նա գոհունակություն է հայտնել իրավիճակի նման հանգուցալուծման առնչությամբ, միաժամանակ, նշելով, որ իշխանությունները մանրակրկտորեն մշակել էին նաեւ նման իրավիճակների համար դասական համարվող լուծման ծրագիրը, թերեւս նկատի ունենալով գրոհի տարբերակը։ Սերժ Սագսյանը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝  իրենց աշխատանքի համար, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներից ներողություն է խնդրել եւ խնդրել է մոռանալ հուլիսի 29-ի դեպքերը՝ խոստանալով որ այլեւս նման բան չի կրկնվելու։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ամբողջական հանգուցալուծման համար հարկավոր է համակողմանի եւ անաչառ քննություն, բաց դատավարություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ՝ ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանն անրադարձել է նաեւ «Սասնա ծռերի» գործողությունից հետո բարձրացած հասարակական դժգոհության ալիքին՝ նշելով, որ  երկրում առկա խնդիրների լուծումները արագացնելն է այժմ իրենց նպատակը։ Անդրադառնալով Արցախի հիմնահարցի առնչությամբ շրջանառվող «հողեր հանձնելու» խոսակցություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ միակողմանի զիջումները բացառվում են։

«Սասնա ծռերի» հանձնվելուց հետո հասարակությանը հուզող գլխավոր հարցերն են՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում տղաներին, որքանո՞վ խիստ կլինի նրանց պատիժը, արդյոք խոշտանգումների կենթարկվեն զինված խմբի անդամները։ Հատկապես որ արդեն տեղեկություններ կան նրանցից մի քանիսի իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարել է, որ իր երկու պաշտպանյալներն էլ վիրահատության կարիք ունեն, սակայն նրանց հրաժարվում են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Ի դեպ, Պավլիկ Մանուկյանը այդ վիճակում էլ շարունակում է հացադուլը։ Նույն խնդիրն ունեն նաեւ  «Սասնա ծռերի» վիրավորված անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը։ Փաստաանը ընդգծել է հատկապես Հովհաննեսի վիճակի լրջությունը՝ նշելով, որ նա շտապ վիրահատության կարիք ունի։

Մինչդեռ նախօրեին զենքը վայր դրած «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` նույն ինքը՝ «Միայնակ գայլը», որը մի քանի օր առաջ հրազենի վիրավորում էր ստացել ոտքի շրջանում, ինքն է հրաժարվել բժշկական օգնությունից։ Փաստաբանի խոսքով՝ նա չի ընկճվել, եւ իր միջոցով ժողովրդին կոչ է արել շարունակել իրենց սկսած գործը։

«Սասնա ծռերին» աջակցության հավաքները համակարգող խմբի անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը եւ Եղիշե Պետրոսյանը ձերբակալված են։ Առաջին երկուսին արդեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել։ Ընդ որում, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը նախակաթվածային վիճակով այժմ հիվանդանոցում է, ոստիկանների հսկողության տակ՝ ահազանգել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։ Իսկ Անդրիաս Ղուկասյանը ոտքերի լուրջ վնասվածքներ է ստացել եւ թեեւ հետազտության կարիք ունի, շարունակում է պահվել կալանավայրում։  Ի դեպ, նա այսօր հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դավիթ Սանասարյանին քաղաքացիական հագուստով անձինք հուլիսի 29–ին հիվանդանոցից բերման են ենթարկել ուշագնաց վիճակում։

Այսօր Ազգային ժողովի 15 պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով իրենց անձնական երաշխավորությամբ չկալանավորել «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին։

Իր հերթին, Հանրային խորհուրդը հանդես է եկել զինված խմբի անդամների նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու կոչով՝ խնդրելով հաշվի առնել փաստը, որ տղաները հանձնվեցին առանց արյունահեղության։

Երեւանում այսօր հուղարկավորել են հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի մերձակայքում մահացած Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունը, որին ներկա էր նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

30-ամյա ոստիկանի սպանության պաշտոնական վարկածը հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Մասնավորապես, սոցցանցերում շրջանառվում է վարկածը, որ ոստիկանության ներկայացրած ապացույց լուսանկարները ՊՊԾ գնդի տանիքից դիպուկահարի կրակոցի վերաբերյալ իրականում ֆոտոշոփի ենթարկված լուսանկարներ են։ Հիշեցնենք, որ ինքը՝ «Սասնա ծռեր» խումբը, հայտարարել է, որ իրենք կապ չունեն ոստիկանի սպանության հետ։

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով:

Սակայն իրականում բնակչության մի հատվածի համար էլէներգիայի սակագինը բարձրացել է: Բանն այն է, որ ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրական էներգիա սպառողները մինչեւ օգոստոսի 1-ը մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար վճարում էին 41, 85 դրամ, քանի որ կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Օգոստոսի 1-ից սուբսիդավորումը դադարեցվում է։ Ստացվում է, որ սակագինը մի կողմից նվազում է 2,58 դրամով, մյուս կողմից՝ աճում է 6,93 դրամով: Արդյունքում այն թանկանում է 4, 32 դրամով եւ կազմում 46,2 դրամ:

Ադրբեջանի տարածքում օգոստոսի 1-ին, ժամը 08:46-ին գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Արցախի տարածքում՝ 3-4 բալ ուժգնությամբ, ավելի թույլ՝ նաեւ Հայաստանի տարածքում։

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ այսօր առավոտյան հայտնաբերվել է 43-ամյա Արարատ Կարապետյանի մարմինը: Նա Վանաձորի հարկային տեսչության իրավաբանն էր:

Նախնական տեղեկությամբ՝ պարտքեր ուներ եւ նախկինում մի քանի անգամ կնոջը տեղեկացրել էր իր կյանքին վերջ տալու մտադրության մասին։

Իսլամական պետության զինյալները սպառնում են սպանել Վլադիմիր Պուտինին։ Նրանք ինը րոպե տեւողությամբ տեսահոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով, որում կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում։

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.19 եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 627 դրամ:

Երեւանում օգոստոսի 2-ի  երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ,  կա նաև կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +19-ի, իսկ վաղը ցերեկը՝ +33-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ