News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հատուկ քննչական ծառայությունը սկսել է մեկը մյուսի հետեւից մեղադրանք առաջադրել հուլիսի 31–ին զենքերը վայր դրած «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ, այսօր արդեն դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։ Այս պահի դրությամբ խմբի անդամներին հիմնականում մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը, որի համար նախատեսվում է 8–15 տարվա ազատազրկում, եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ ներ ձեռք բերելու եւ պահելու հոդվածով, որով նախատեսվում է ազատազրկում՝ 3–8 տարով։

Չնայած «Սասնա ծռերի» տղաներին հանրային պաշտպաններ են տրամադրվել, մոտ մեկ տասնյակ հայտնի փաստաբաններ իրենց նախաձեռնությամբ ձեւավորել են խումբ, որը զբաղվելու է նրանց իրավունքների պաշտպանությամբ։

Իրենց հերթին, մի խումբ քաղաքացիներ դրամահավաք են սկսել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների ընտանիքին աջակցելու նպատակով։ Ազատության հրապարակում ընթացող դրամահավաքը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 3-ը, ժամը  23:00-ն: Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար էլ Gofundme.com կայքում մեկնարկած դրամահավաքի ընթացքում մեկ օրում շուրջ 30 հազար դոլար է հավաքվել։

Այսօր դատարանը 2–ամսյա կալանքի որոշում է կայացրել հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերի հետ կապված ձերբակալված Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչը նախատեսում է ազատազրկում 4–10 տարի ժամկետով։

Ընդ որում, Դավիթ Սանասարյանի փաստաբանը հայտարարել է, որ դատարանում նրա ինքնազգացողությունը վատացել է, քանի որ երիկամների խնդիր ունի պարտադիր պետք է հետազոտվի։ Այս պահին «Սասնա ծռեր» խմբի անդամներից 2–ը հիվանդանոցում են, չորսը՝ դատապարտյալների հիվանդանոցում։

Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանության կողմից բողոքի ցույցը ուժով ցրելու հետևանքով տուժած 19 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցներում։

Հավաքը ցրելու հետեւանքով ձախ աչքը կորցրած 17–ամյա Սայաթ Հարությունյանը առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Սայաթը պատմել է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։

Հիվանդանցում այսօր մահացել է հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում «Սասնա ծռերի» աջակցության ցույցի ժամանակ ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը։ 50–ամյա տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55  տոկոսն այրվել էր:

Ռուսաստանում դատարանը մեղավոր է ճանաչել Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի հայ վարորդին։  45-ամյա Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Անցյալ տարվա նոյեմբերի 3-ի վթարի հետեւանքով զոհվել էր 9 մարդ, բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ։ Վարորդը մեղադրվում էր ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշաբար մահ է առաջացրել։

Վլադիմիր Ժիրինովսկին այլեւս չի ցանկանում ռմբակոծել Ստամբուլը, հիմա էլ անցել է Հայաստանին։ Մեկնաբանելով ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրադարձությունները՝ Ժիրինովսկին ասել է՝ «Հայաստանի համար չարժե անհանգստանալ: Նրանք երբեք մեզնից չեն հրաժարվի, որովհետեւ այդ դեպքում նրանց վերջը կգա. Ադրբեջանը անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, իսկ թուրքերը կօգնեն նրանց»: Նրա խոսքով՝ Հայաստանը փոքրիկ, լեռնային երկիր է, որը ոչ մի հեռանկար, տնտեսություն չունի եւ որտեղ արդեն մեկ միլիոն հայ է մնացել, իսկ ռուսական բազան Հայաստանի փրկությունն է, որը Ռուսաստանը հետ կվերցնի, եթե Հայատանում, ինչպես է Ժիրինովսկին է արտահայտվել, թքեն ռուսների վրա։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռիում։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Toyota եւ ՎԱԶ 21 099 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով երեք մարդ է մահացել՝ 23–25 տարեկան երիտասարդ տղաներ։

Դոլարն այսօր էժանացել է, իսկ ռուբլին, եվրոն ու ֆունտը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.14, եվրոյինը՝ 532, իսկ ֆունտինը՝ 629 դրամ: 

Օգոստոսի 3-4-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ