News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում նա հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ:

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի զորամասերից մեկում։ Պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 20-ամյա Գեւորգ Հարությունյանը։ Նա Երեւանի բնակիչ էր, սոցիալապես անապահով ընտանիքից։ Ընտանիքի միակ զավակն էր, երկու ամսից պետք է զորացրվեր։

Ոստիկանությունն ամբողջությամբ բացել է Խորենացի եւ հարակից փողոցները, որոնք փակ էին հուլիսի 17-ի առավոտից, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Արգելափակոցները հանվել են, երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը, որն ընդհատակ է անցել ՊՊԾ գնդի գրավումից հետո, հարցազրույց է տվել «Սիվիլնեթ»-ին։ Չուգասզյանն ասել է, որ իրենք սպասում են Ժիրայր Սեֆիլյանի հետ Սերժ Սարգսյանի խոստացված հանդիպմանը։ «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, որտեղ հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը  մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»,– ասել է Չուգասզյանը։

ՊՊԾ գնդի տարածքից հուլիսի 31–ին դուրս եկած բոլոր 20 քաղաքացիները կալանավորվել են։ «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանները դժգոհ են իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներից եւ կալանավորումից, բոլորը պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումները։ Մասնավորապես, փաստաբանները անհիմն են համարում բժիշկներին պատանդ վերցնելու մեղադրանքը, որն առաջադրվել է խմբի բոլոր անդամներին։ Նրանք պնդում են, որ բժիշկները ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք են մտել իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար եւ նրանց պատանդ ներկայացնելը ճիշտ չէ:

Փաստորեն 31–ին զենքը վայր դրած խմբի բոլոր անդամներին առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածով՝ պատանդ վերցնելը եւ ապօրինի զենք ձեռք բերելն ու պահելը, իսկ հուլիսի 17–ից 31–ն ընկած ժամանակահատվածում ՊՊԾ տարածքից դուրս բերված 10 անձանց մեղադրանք է առաջադարվել ապօրինի զենք ձեռք բերելու եւ շենքեր զավթելու հոդվածներով։

Ավելին՝ պատանդ վերցնելու մեղադրանք է ներկայացվել հուլիսի 26–ին սեփական բեռնատարով ոստիկանական շղթան ճեղքած եւ ՊՊԾ գնդի տարածք սնունդ հասցրած՝ սարիթաղցի Արթուր Սարգսյանին։ Փաստաբանին սա հիմք է տվել ենթադրելու, որ նախաքննական մարմնի կողմից կատարվել է թերի աշխատանք, մեղադրանքները պարզապես արտատպել են։

Հուլիսի 17–ին ՊՊԾ շենքը գրաված 30 անձանցից առայժմ մեղադրանք չի առաջադրվել Թաթուլ Թամրազյանին, որը ծանր վիրավորվել էր նույն օրը եւ մինչեւ այժմ էլ ծանր վիճակում գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, ինչպես նաեւ հուլիսի 31–ին վիրավորված Սեդրակ Նազարյանին եւ հուլիսի 29–ին վիրավորված Արման Լամբարյանին։

Մինչեւ լուսաբաց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ–Զեյթուն վարչական րջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունները։ Վարուժան Ավետիսյանի երկամսյա կալանքի որոշումն ընդունվել է գիշերը ժամ 3–ի մոտ։ Բավական բուռն է անցել հատկապես Արայիկ Խանդոյանի կալանքի որոշման քննությունը։ «Միայնակ գայլը» երկար ելույթ է ունեցել, հայտարարել է, որ նման քայլի գնալով ընդամենը «վերցրել է ավելն ու սավոկը եւ մաքրել աղբը», նաեւ եւս մեկ անգամ ժողովրդին կոչ է արել շարունակել իրենց սկսած պայքարը։ Այսօր մանրամասներ են հայտնի դարձել նաեւ մանրամասներ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցի որոշման քննության ընթացքից։ Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկը հուզիչ ելույթ է ունեցել դատարանում, ասել է, որ հայրենիքի եւ ազգի  զոհասեղանին է դրել անգամ իր 23-ամյա որդուն: Ոտքերից վիրավորված Պավլիկ Մանուկյանին դատարան են տեղափոխել պատգարակով։ Նա որդու՝ Արամի հետ պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։

Կալանքի որոշումները պատրաստվում են բողոքարկել նաեւ զանգվածային անկարգությունների գործով մեղադրվողները։ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատի փաստաբանը արդեն բողոքարկել է երկամսյա կալանքի որոշում։ Հիշեցնենք, որ զանգավածյին անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, որոնք ձերբակալվել են Սարի թաղի դեպքերի ժամանակ։

ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ ասուլիս է հրավիրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները ոչ թե ահաբեկիչ են, այլ հակաահաբեկիչ, որոնք պայքարում են փողկապավոր ահաբեկիչների դեմ։ Րաֆֆի Հովհաննիսյանը կանխատեսում է, որ եթե երկրում իրավիճակը չփոխվի, ապա Հայաստանում կհայտնվեն «Սասնա ծռերի» նման նոր զինված խմբեր։ «Ժառանգության» առաջնորդի կարծիքով՝ Հայաստանում «հայկական մայդան» ստեղծող քաղաքացիների պակաս կա, իսկ «Սասնա ծռերի» սկսած գործն ավարտին հասցնելու համար այժմ ամբողջ ընդդիմադիր հատվածը պետք է միավորվի։ Անդրադանալով իր կուսակցության անդամների կալանավորմանը՝ Հովհաննիսյանն ասել է, որ նախընտրական ժամանակաշրջանում այդ քայլն ուղղված է հենց իրենց կուսակցության դեմ:

Իր հերթին Զարուհի Փոստանջյանն ասել է, որ հայ հասարակությունը պետք է պատրաստվի ապստամբության երկրորդ փուլին։ Նրա կարծիքով՝ հատկապես Սարի թաղի դեպքերից հետո մոտ 20 հազար ոստիկան պետք է հեռացվի համակարգից:

Երեւանում շարունակվում են ամենօրյա հավաք–երթերը ի պաշտպանություն «Սասնա ծռերի»։ Նախօրեին երթի մասնակիցները Ազատության հրապարակից գնացել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։ Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մեծ թվով ոստիկաններ փակել էին դեպի ԱԱԾ տանող ճանապարհը։ Հենց այդտեղ էլ երթը կանգ է առել, ցուցարարները պահանջել են ազատ արձակել ԱԱԾ տարածքում պահվող «Սասնա ծռերին» եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին։

Ոստիկանության համակարգում այսօր երկու պաշտոնանկություն է տեղի ունեցել։ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ  Գեւորգ Հակոբյանը եւ Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը: Ենթադրվում է, որ բարձրաստիճան ոստիկանների պաշտոնանկությունները կապված է ՊՊԾ գնդի գրավման հետ։

Դոլարն ու ֆունտը թանկացել են,  եվրոն էժանացել, իսկ ռուբլին անփոփոխ մնացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.14, եվրոյինը՝ 532, ֆունտինը՝ 635 դրամ: 

Երեւանում օգոստոսի 4-ի  երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ