News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեանում Արամե պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում օգոստոսի 5-ին տեղի է ունենալու գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացված է նկարչի ստեղծագործական գործունեության 15-ամյա ժամանակաշրջանն ընդգրկող շուրջ 40 աշխատանք: Աշխատանքների հիմնական մասը ստեղծվել է Կանադայում, մի զգալի մասն էլ՝ հայրենիքում: Կտավներում ստեղծագործական թեմատիկ սահմանները որոշակի են՝ քաղաքային պատկերների գերակայությամբ, բնանկարներում բնության մտերմիկ զգացողության արտահայտություններով՝ աշնանային տաք գույների գրավչություն, ձմեռային պեյզաժների զարմանալի քնարականություն, մարդաշատ փողոցների սրճարաններում տիրող եռուզեռ:

Ցուցահանդեսն ամբողջացնում են նկարչի վրձնած Փարիզի, Մոնրեալի, Մարսելի, Երեւանի փողոցների տրամադրությունները՝ օրվա որեւէ պահի, որեւէ իրավիճակի բնութագրմամբ, ինչն էլ ավելի է ընդգծում այս քաղաքների հանդեպ Արեգի ուրույն վերաբերմունքը:

46-ամյա Արեգ Էլիբեկյանը ապրում եւ ստեղծագործում է Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Երեւանում, Մոնրեալում, Փարիզում, 2012 թվականից՝ Արամե պատկերասրահում։

Մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների եւ արթէքսպոների, ինչպես նաեւ ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հայաստանում:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ սույն թվականի օգոստոսի 20-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ