News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Պաշտոնական վարկածով նա դիմում է գրել առողջական խնդիրների պատճառով։ Սոցցանցերում, սակայն, շրջանառվում է վարկածը, որ Կոստանյանը արձակուրդում է եղել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ եւ չի վերադարձել արձակուրդից մինչեւ հուլիսի 25–ը, ինչն էլ նրա պաշտոնանկության պատճառ է դարձել։

Եվս մեկ պաշտոնանկություն, որը կապվում է ՊՊԾ գնդի գրավման հետ։ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Նրա պաշտոնում նշանակվել է Կարապետ Դավթյանը։

Շարունակվում են պաշտոնանկությունները նաեւ ոստիկանության համակարգում։ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը։ Ենթադրվում է, որ նրա պաշտոնանկությունը կապված է հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ, քանի որ Վաթյանը ականատես էր եղել՝ ինչպես են ոստիկանները խոչընդոտում լրագրողի աշխատանքը, եւ ոչինչ չէր ձեռնարկել։ Սա արդեն երրորդ բարձրաստիճան ոստիկանի պաշտոնանկությունն է երկու օրում։ Նախօրեին պաշտոնից ազատվել էին ոստիկանության Էրեբունի եւ Բաղրամյան բաժինների ղեկավարները։

«Հիմնադիր խորհրդարանը» խոստացել էր հրապարակել Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռերի» միջեւ բանակցությունների ձայնագրությունը, եթե մինչեւ օգոստոսի 4–ը ժամը 18։00–ն, Սերժ Սարգսյանը չհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Ժամկետը լրացել է, հանդիպումը չի կայացել։ Ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Վիտալի Բալասանյանի խղճին է թողնում իր հետագա անելիքը, քանի որ հենց նա է երաշխավորել, որ եթե «Սասնա ծռերը» զենքը վայր դնի, Սերժ Սարգսյնն ու Սեֆիլյանը կհանդիպեն, իսկ տղաները կտտանքների չեն ենթարկվի։ Մինչդեռ փաստաբանները մեկը մյուսի հետեւից ահազանգում են, որ կալանավորվածները խոշտանգումների են ենթարկվում։

Հուլիսի 29-ի գիշերը Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացնելուց առաջ ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Այս մասին հաղորդում է՝ Armtimes.com-ը՝  հղում անելով համացանցում տարածված համապատախան տեսանյութին։ Կայքի տեղեկություններով՝ այդ հաբերը  պատրաստվել են Հայաստանի ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնք բարձրացնում են վստահության զգացմունքը եւ մեծ քանակի դեպքում հանգեցնում է  ագրեսիայի ծայրահեղ աստիճանի։

Ժիրայր Սեֆիլյանը նամակ է գրել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին, որում նրան կոչ է անում դադարեցնել հացադուլը: Նամակում Սեֆիլյանը գրել է, որ հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում են կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից, եւ որ հուլիսի 17-ից սկսած տղաներն արել են իրենցից կախված առավելագույնը։ Սեֆիլյանը Մանուկյանին «եղբայրաբար» խնդրել է դադարեցնել հացադուլը։

Պավլիկ Մանուկյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը հուզվել է եւ արտասվել՝ Սեֆիլյանի կոչը լսելով։ Մի քանի ժամ անց նա դադարեցրել է հացադուլը։ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների վիճակը շարունակում է մնալ  ծանր։ Երկուսն էլ գամված են անկողնուն, խոր վերքեր ունեն։  Պավել Մանուկյանն առաջիկա օրերին պետք է վիրահատության ենթարկվի։

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել դատարանում «Սասնա ծռերի» անդամներին կալանավորելու միջնորդությունները քննելու ընթացքից։ Մասնավորապես, Վարուժան Ավետիսյանը դատարանում հայտարարել է, որ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։

«Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն էլ, որին մեղադրանք է առաջադրվել նաեւ պատանդ վերցնելու հոդվածով, դատարանում քննիչին ասել է, որ իրականում ինքն է պատանդ եղել, որովետեւ սնունդը տեղ հասցնելուց հետո ցանկացել է դուրս գալ ՊՊԾ գնդի տարածքից, սակայն չի կարողացել, քանի որ դիպուկահարներն իր վրա կրակել են: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Սարգսյանն առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Ի դեպ, դատարանում շուրջ երկու ժամ փաստաբանները փորձել են քննիչից պարզել՝ ինչպես է եղել, որ Արթուր Սարգսյանին էլ է առաջադրվել այն նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել են «Սասնա ծռերի» մյուս անդամներին, սակայն քննիչը չի կարողացել հիմնավորված որեւէ պատասխան տալ։

Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գեւորգ Մելքոնյանն ազատ է արձակվել ստորագրության դիմաց։ Նշենք, որ Գեւորգ Մելքոնյանը «Սասնա ծռերի» այն երկու անդամներից մեկն է, որոնք հուլիսի 31–ի առավոտյան դուրս էին եկել ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվել ոստիկաններին։ Ավելի ուշ, ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որում Գեւորգը եւ Ռուբենը պատմում էին, իբր չեն իմացել, որ գնում են ՊՊԾ գունդը գրավելու եւ այդ օրերին հարկադրաբար են պահվել գնդի ներսում։

Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի ժամանակ աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի աչքի պրոթեզավորման համար գումար է հարկավոր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա քույրը։ Աղջկա խոսքով՝ իրենց ընտանիքը գումար չունի Սայադի աչքի որակյալ պրոթեզավորումը արտասահմանում կազմակերպելու համար։ Սայադին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել նրա համար բացված հաշվեհամարին։

Մի խումբ հայ փաստաբաններ մտադիր են բողոք ներկայացնել Երեւանում հուլիսի 19-31-ը ՊՊԾ գնդի գրավման հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ։ Առանձին հաղորդում է ներկայացվելու կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին անհիմն բերման ենթարկելու փաստով, ինչի առնչությամբ փաստաբանները պահանջելու են քրեական գործ հարուցել։

Իր հերթին, Արսինե Խանջյանն ասել է, որ պատրաստվում է սփյուռքահայերի մասնակցությամբ  քննարկումներ կազմակերպել Երեւանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ եւ պատմել՝ ինչպես են Հայաստանում զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները։ Այդ կերպ դերասանուհին փորձելու է օգնել այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում բռնության են ենթարկվում ոստիկանների կամ իշխանությունների կողմից:

«Սասնա ծռերի» զինված ապստամբությունից իշխանությունը դասեր չի քաղել եւ շարունակելու է նույն գործելաոճը՝ ոտնահարելով մարդկանց իրավունքները եւ նպաստելով արտագաղթին։ Նման կարծիք է հայտնել Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետը նման եզրակացության է եկել ՊՊԾ գնդի գրավումից ի վեր իշխանության արձագանքներից, նաեւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսում բացատրել է՝ ինչու ինքը «Սասնա ծռերի» գործողության ժամանակ ինքը չներգրավվեց Հակաճգնաժամային խորհրդի կազմում եւ հեռացավ հարթակից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի խոսքով՝ պատճառն այն էր, որ «Հիմնադիր խորհրդարանը» հրաժարվեց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։

Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Վահան Միքայելյանը։ Նա մեկ տարվա զինծառայող էր, Վանաձորի բնակիչ։ Ծնողներին ասել են, որ դիտարկվում է ինքնասպանության վարկածը։

Դոլարն ու ռուբլին աննշան թանկացել են, իսկ եվրոն ու ֆունտը՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.16, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝ 633 դրամ:

Երեւանում օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +21-ի, իսկ վաղը ցերեկը՝ +36-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ