ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երեւանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։
Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, առանց ծանուցագրի ոստիկանություն բերման ենթարկված, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մորը՝ Նվարդ Բիլյանին, իր տան մոտից բերման էին ենթարկել ոստիկանություն իբրեւ հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի գործով։ Սակայն Նվարդ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հուլիսի 17-ին իր մոտ դանակ չի հայտնաբերվել։ Նրան ազատ էին արձակել պայմանով, որ երեկոյան ժամը 19։00-ին ներկայանա ոստիկանության բաժին:





























