News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հուլիսի 29-30-ին Սարի թաղի եւ Խորենացի փողոցներում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների հետ կապված ծառայողական քննության արդյունքում կասեցվել են փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները։ Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանը, որն աշխատում էր ներքին զորքերում, վերոնշյալ դեպքերի օրը ծխանռնակ էր նետել ցուցարարների վրա, ինչ արձանագրել էր NEWS.am–ի ֆոտոխցիկը։ Նույն քննության շրջանակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տույժերի են ենթարկվել, որոնց թվում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որն ամբողջ ընթացքում եղել է դեպքի վայրում:

 Քննչական ծառայությունը ներկայացրել է վերջին տվյալները «Սասնա ծռերի» գործի վերաբերյալ։ Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված է 44 անձ, որից 42-ը կալանավորված են, երեք անձ հիվանդանոցում է։ Հատուկ քննչական ծառայությունում նախաքաննությունն իրականացնում է 48 քննիչներից բաղկացած խումբը։ Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ։

Ազգային անվտանգության ծառայությունը մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել Երեւանի բնակչի տանը։ Երկու մարդ ձերբակալվել է։ ԱԱԾ–ն կասկածում է, որ դա կարող է կապ ունենալ «Սասնա ծռերի» գործի հետ։ Ոմն  Գ.Ս.-ի բնակարանում, ըստ ԱԱԾ–ի, հայտնաբերվել է 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ,  տրոտիլ  պայթուցիկ նյութեր, այլ ռազմամթերք, այդ թվում՝  հակատանկային ականանետ։

«ՍիվիլՆեթ»-ը հրապարակել է զենքերը վայր դնելու բանակցությունների շուրջ «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ Վիտալի Բալասանյանի միջեւ տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է հուլիսի 29-ին՝ տղաների հանձնվելուց երկու օր առաջ։ Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանի»՝ ընդհատակ անցած անդամ Գարեգին Չուգասզյանը խոստացել էր հրապարակել այդ ձայնագրությունը, եթե մինչեւ օգոստոսի 4–ը, ժամը 18։00–ն, չկայանա Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր հանդիպումը, որը բանակցությունների ժամանակ խոստացել էր Վիտալի Բալասանյանը։

Երևանի Ազատության հրապարակում օգոստոսի 4–ի երեկոյան «Սասնա ծռերին» աջակցության հերթական հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 27 քաղաքացի: Հատկանշական է, որ նրանց բերման են ենթարկել այն ժամանակ, երբ խաղաղ երթն արդեն ավարտվել էր, իսկ հավաքվածների մեծ մասը ցրվել էր։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել երիտասարդներին։ Ավելի ուշ նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն են կազմել եւ ազատ արձակել՝ հիմնավորելով, թե նրանք խախտել են հավաքների անցկացման օրենքը։

Նախօրեին դաժան ծեծի են ենթարկել Հարություն Աղլամազյանին, որը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորումից հետո բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչն ու վարողն է։ Հարությունին որպես վկա տեղափոխել էին ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, երեք տղամարդ հարձակվել են նրա վրա եւ ծեծի ենթարկել հոր աչքի առջեւ։ Հարությունը ստացել է բազմաթիվ վնասվածքներ։

Օգոստոսի 5–ի առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մորը՝ տիկին Նվարդին։ Ասել են՝ իբր հուլիսի 17–ին, ՊՊԾ գնդի գրավման օրը, երբ կնոջը առաջին անգամ բերման էին ենթարկել, պայուսակից հայտնաբերել են որսորդական դանակ։ Մինչդեռ տիկին Նվարդը պնդում է, որ այդ օրը իր մոտ որեւէ դանակ չեն հայտնաբերել։  Նշենք, որ տիկին Նվարդի երեք որդիներն էլ անազատության մեջ են, երկուսը՝ «Սասնա ծռեր» խմբի գործով, մեկը՝ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի առաջին օրը ոստիկանների վրա օդամղիչ ատրճանակով կրակելու համար։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ապօրինի սառը զենք կրելու քրեական գործով Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է առանց բավարար հիմքերի առկայության, ինչի առնչությամբ հանձնարարվել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։

«Սասնա ծռեր» խմբի անդամներին իր բեռնատարով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Սկզբում նրան առաջադրվել էին նույն մեղադրանքները, ինչ ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներին, սակայն փաստաբանների բարձրացրած աղմուկից, նախաքննական մարմինը, որոշել է փոխել հոդվածները։ Այժմ նա մեղադրվում է ապօրինի զենք պահելուն եւ պատանդներ վերցնելուն օժանդակելու մեջ։

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանների վրա կրակել են ոչ թե սպանելու, այլ՝ մինչև կյանքի վերջը հաշմանդամ դարձնելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ  դա ստոր արարք էր: Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Լարիսա Ալավերդյանն ասել է, որ Հայաստանի բոլոր ոստիկանապետերը եղել ու մնում են գործիքներ իշխանությունների ձեռքին։

Չնայած ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրմանը՝ Հերմինե Նաղդալյանը գոհ է իրավապահների աշխատանքից։ Այս մասին ԱԺ փոխնախագահն ասել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո։  Նաղդալյանը վստահեցրել է, որ վերջին օրերի պաշտոնանկությունները կապ չունեն Սերժ Սարգսյանի հնչեցրած Ազգային համաձայնության կառավարության գաղափարի հետ եւ որ այդ ուղղությամբ աշխատանքն ավելի շուտ է սկսվել։

Ռուսաստանը չի փորձում ղարաբաղյան կարգավորման ճնշում գործադրել  Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ «ԱզերՏաջ»-ին տված հարցազրույցում վստահեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով կողմերը պետք է ինքնուրույն պայմանավորվեն, առանց արտաքին ճնշումների, գտնեն երկուստեք ընդունելի լուծումներ։ Պուտինի խոսքով, կարգավորման վերջնական նպատակը պետք է դառնա այնպիսի պայմանավորվածությունը, որով «ոչ մի կողմ ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող չի լինի, զիջումները փոխադարձ կլինեն, օգուտը հստակ կլինի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հասարակությունների համար»։ Պուտինը նաեւ վստահեցրել է, որ Ռուսաստանը միայն աջակցում է կարգավորման գործընթացին եւ համաձայն չէ մեղադրանքներին, թե Ռուսաստանը փորձում է մոնոպոլիզացնել բանակցությունների գործընթացը եւ մեկուսացնել մյուս միջնորդներին:

Երեւանում օգոստոսի 4-ին 20-ամյա երիտասարդն ընկել է շենքի 3-րդ հարկից եւ տեղափոխվել հիվանդանոց։ Երիտասարդը նույն օրը ավտովթարի էր ենթարկվել իր վարած ВАЗ 2103 մակնիշի ավտոմեքենայով՝ բախվելով մի քանի մեքենաների։ Պատահարից հետո նա գնացել է տուն, եւ մի քանի ժամ անց, ըստ հարեւանների, նետվել երրորդ հարկից։

Օգոստոսի 5-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեկնարկում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը կմասնակցի Հայաստանի 33 օլիմպիական, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր երկրի համար: Հայ մարզիկները ներկայացված են աթլետիկայում, բռնցքամարտում, ըմբշամարտում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, ձյուդոյում, հրաձգությունում, լողում: «Մարականա» ստադիոնում կայանալիք բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Հայաստանի ներկայացուցիչներից օլիմպիական մայրաքաղաք դեռ չեն ժամանել միայն ըմբիշները: Նրանք Ռիոյում կլինեն օգոստոսի 9-ից: Հայաստանի գլխավոր հույսերն են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Խաղերի փակումը օգոստոսի 21-ին է:

Պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի գազալցակայաններից մեկում։ Պայթել է լիցքավորման համար կայանված ավտոմեքենայի գազաբալոնը։ Երկու քաղաղաքացի՝ պատահական անցորդ եւ գազալցակայնի աշխատակիցը, տեղափոխվել են հիվանդանոց։ Մեկի վիճակը ծանր է։ Նախնական զննությամբ պարզվել է, որ գազաբալոնը ճաք է ունեցել։

Դոլարի ու ֆունտի փոխարժեքը նվազել է, իսկ ռուբլունն ու եվրոյինը՝ աճել: Դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է 476,ռուբլունը՝ 7.28, եվրոյինը՝ 530, ֆունտինը՝ 626 դրամ:  

Երեւանում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին  հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ